ԳՆԱՑԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՏՈՒԳԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:
Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:
Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:
Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:
ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:
Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ, եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:
Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:
Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա:

Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216 հազար դրամի LED լույսեր՝ 36 հատ։ 36-ից երեսունն արժեցել է 144 հազար դրամ, իսկ 6-ը՝ 72 հազար դրամ։ LED լույսերի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «LED լուսարձակ, հզորությունը՝ 30W, լուսային հոսանքը՝ 2700 լյումեն, սնուցման լարումը՝ 100-240V»։ Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա, լուսարձակների կեսը պետք է մատակարարել պայմանագրի ուժի մեջ մտնելուց 40-րդ օրը, իսկ մյուս կեսը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին։ Նախագահի աշխատակազմը հաճախ է գնումների պայմանագրեր կնքում մեքենայի տեխնիկական սպասարկումների հետ կապված։ Այս անգամ մեքենաների տեխնիկական սպասարկումը ՀՀ նախագահի համար արժեցել է 5 մլն 400 հազար դրամ։ Այս սպասարկումը արվել է 7 մեքենայի համար։ Սեփական մեքենաների վրա միլիոններ ծախսող նախագահը նշված մակնիշի մեքենաներով, չգիտես, թե ուր է այցելում, սակայն դրանց վերանորոգման համար աճուրդները, ինչպես տեսնում ենք, «խոստումնալից են»։ Հավելենք, որ տեխնիկական առումով, ՀՀ բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին, իր ոչ մի խոսքում չհիշատակեց նրանց մասին։ Սա էլ՝ ՀՀ-ում ՔՊ-ականների «սրտի» նախագահը։

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի ամենահայտնի քաղաքացի, Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն. սա իսկապես պատմական իրադարձություն է նաեւ հայերիս համար։ Մեր ֆուտբոլիստի լուսանկարը բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էր, մեծ ուրախություն էր նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում: Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը, մինչեւ երեկ, նույնիսկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կամ կայքում մեկ խոսք անգամ չգրեց այս իրադարության մասին: Սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է. նորմալ երկրում Հենրիխ Մխիթարյանին կշնորհավորեին ու նրանով կհպարտանային` սկսած իշխանության բարձրագույն օղակներից: Ամեն պատեհ ու անպատեհ առիթով «ստատուս» գրող իշխանավորների շրջանում եւս չնկատվեց որեւէ շնորհավորական խոսք կամ գրառում: Պատկերացրեք` հիմա ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Հենրիխ Մխիթարյանի գոնե կես մակարդակի ու ճանաչելիության չափ ֆուտբոլիստ ունենային. վստահաբար` Բաքվի գլխավոր փողոցներում կլինեին նրա լուսանկարները, Ալիեւն անձամբ կդիմավորեր նրան ու կշնորհեր «Ազգային հերոսի» շքանշան: Ի դեպ, մեր հարեւան Վրաստանում հաճախ կարելի է տեսնել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դիմանկարները. պետությունը նրան օրինակ է բերում նոր սերնդի համար ու ամենուր քարոզում է իր մարզիկների հաջողությունները, նրանց դարձնում է երկրի այցեքարտ: Իսկ մեր պարագայում գործ ունենք հերթական նեղ անձնական ամբիցիաների հետ: Ի դեպ, թեման ուսումնասիրելիս մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ ղեկավարությունը չի շնորհավորել նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 50 ամյակի կապակցությամբ: Այս մասին տեսանյութերից մեկում նշում է լեգենդար թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Ավելին՝ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ շռայլ ծախսերով աչքի ընկնող ֆուտբոլային չինովնիկները նույնիսկ չեն օգնել ծանր հիվանդությամբ տառապող, երջանկահիշատակ Նիկոլայ Ղազարյանին, ով ոչ միայն «Արարատ 73»-ի լեգենդներից էր, այլեւ ՀՖՖ առաջին նախագահը: Այս մասով պարզաբանում ստանալ, ինչպես միշտ, չհաջողվեց, քանզի ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար ու նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց: Ի դեպ, միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էր իր ֆեյսբուքյան էջով շնորհավորել Մխիթարյանին:

Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում (տե՛ս լուսանկարը ArmLur.am կայքում), կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության եւ զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։ Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում։ Ահա՛, Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերն է։




Լրահոս