2024թ. հունիսի 10-ին կայացավ Վահան Քերոբյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Վաչե Սիմոնյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր Վահան Քերոբյանին վերաբերող քրեական գործի ներկա ընթացքին։
Պաշտպան Տիգրան Եգորյանը ներկայացրեց, որ ութ մեղադրյալներից վեցի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։ Հինգ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գնումների բաժնի պետ Աննա Ղարիբջանյանի նկատմամբ գործը կարճվել է՝ արդարացման հիմքով։
Պաշտպան Վաչե Սիմոնյանը ներկայացրեց, որ Վահան Քերոբյանի նկատմամբ մեղադրանքը փոփոխվել է եւ էապես աղքատացել է փաստական հանգամանքների շարադրումը՝ հաշվի առնելով, որ մեղադրյալներից մեկը, ով պատասխանատու էր գնումների ողջ գործընթացի օրինականությունն ապահովելու համար, արդարացվել է։
Փոփոխվել է նաեւ պատճառված վնասների նկարագրությունը. եթե նախկինում նկարագրված «վնասները» ոչ գույքային էին եւ երեքն էին՝ պետության համար խիստ անհրաժեշտ հանրային ներդրումային ծրագրերի բանկի չստացում, էկոնոմիկայի նախարարության համբավի վնասում եւ «Հարմոնիա» հիմնադրամի իրավունքների ոտնահարում, ապա նոր մեղադրանքում մնացել են միայն վերջին երկուսը։
Պաշտպանը նաեւ նշեց, որ դատախազությունն իր քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումներով խոստովանում է, որ այս վնասները մտացածին են, քանի որ մեղադրյալներից ոմանք նույնիսկ ֆորմալ առումով չեն զղջացել եւ որեւէ մեղադրյալ չի հատուցել «հասցված վնասը», որը պարտադիր պայման է գործուն զղջման հիմքով քրեական հետապնդումը կարճելու համար։ Դատախազությունը նաեւ ընդունում է, որ չկա հանրային վտանգավորություն։ Ըստ էության, մեղադրող կողմն այժմ պատանդ է իր կողմից նախկինում արած հայտարարություններին։
Պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ նախաքննության մարմնի կողմից արված աշխատանքը խիստ ցածրորակ է եւ մտահոգիչ, եւ պաշտպանական կողմը ցավով, բայց անհամբերությամբ սպասում է, թե երբ գործը կգնա դատաքննության փուլ, որտեղ հնարավորություն կընձեռնվի հրապարակել գործը եւ ցույց տալ այն բոլոր խախտումներն ու ապօրինությունները, որը թույլ է տրվել նախաքննության փուլում։
Պաշտպանը չբացառեց, որ այդ ապօրինությունների վերաբերյալ հաղորդում կներկայացվի։
Պաշտպանները նաեւ նշեցին, որ Վահան Քերոբյանն արդեն չորս ամիս է, ինչ տնային կալանքի տակ է այն հիմքով, որ վերջինս կարող է միջամտել գործի քննությանը, ինչը անհեթեթություն է՝ հաշվի առնելով, որ բոլոր այն անձինք, ում վրա կարող էր ազդել Վահան Քերոբյանը, արդեն չեն ենթարկվում քրեական հետապնդման։ Պաշտպանները նաեւ նշեցին, որ նախաքննության ընթացքում բազմիցս խախտվել են Վահան Քերոբյանի, ինչպես նաեւ մյուս անձանց իրավունքները։
Անդրադառնալով գործում առկա փաստական հանգամանքներին՝ պաշտպանները նշեցին, որ գործում առկա չէ գեթ մեկ փաստական հանգամանք, որը կվկայեր, որ Վահան Քերոբյանը չարաշահել կամ վերազանցել է իր լիազորությունները կամ գործել է ընդդեմ պետական կամ ծառայողական շահին։ Հակառակը, առկա են բազում համոզիչ տվյաներ, որ բոլոր գործող անձինք առաջնորդվել են բացառապես պետական եւ ծառայողական շահով եւ չեն չարաշահել իրենց լիազորությունները։ Այդ պարագայում, նախաքննական մարմինները համառորեն առաջ են տանում իրենց առաջնային վարկածը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Հունիսի 6-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր տվել բջջային օպերատորներից մեկի աշխատակիցը եւ հայտնել, որ հունիսի 4-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դիտահորից գողացել են ԲԲ ընկերությանը պատկանող մալուխները:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը: Հունիսի 7-ին նա ներկայացվել է Մուշի ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է, որ դիտահորից գողացել է մալուխները, տեղափոխել իր տան բակ, ապա այրելու միջոցով՝ վերածել պղնձի եւ հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ:
40-ամյա տղամարդը, գունավոր մետաղների ընդունման կետի սեփականատերը եւ գողոնը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
«000 OO 00» ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ «ՎՈՅԱԺՆԵՐԻ ՄԵՋ Է»
Մարտի 13-ին ՊԾ Երեւան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:
Տեղում Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի եւ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թեւոսյան փողոցում նկատում են կասկածելի մեքենան:
Պարեկները կագնեցնում են այն, եւ վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի վիճակում:
Ինչպես արդեն գրել էինք, համարանիշները պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին:
Մենք տեղեկացանք, որ Առուշանյանը մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Եվ ահա, մեկ տարի մեքենա վարելու իրավուքից զրկված Առուշ Առուշանյանը Երեւանում «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայով «վոյաժների» մեջ է:
ՈՎ Է ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
Երեւանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է «Գինու փառատոնը», դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա սպանված։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ մահացածը 2005 թվականին ծնված Աշոտ Քոչարյանն է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ փառատոնի մասնակիցներից մեկը հայհոյել է. իրավիճակը լարվել է ու հայհոյանքի պատճառով սկսվել է վիճաբանություն եւ 19-ամյա երիտարասդին դանակահարել են։ Այս պահին իրավապահները փորձում են գտնել սպանության ենթադրյալ կատարողին։
ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԸ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների եւ արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաեւ ազատազրկված անձանց կողմից դրանց պահման եւ ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։
Ըստ այդմ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ծառայողները 2024 թվականի մայիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, տեսակցությունների եկած քաղաքացիների անձնական զննությամբ, ԱԹՍ-ի միջոցով ներնետված, ինչպես նաեւ ազատազրկված անձանց անձնական զննությամբ, խցերում, բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 74 903 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 144 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 149 պարագա, 14 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 77,3 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք եւ արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՏԻՆԳՆ Է ԿԱՐԵՎՈՐԸ
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեցնել բժշկական կենտրոն՝ պատճառաբանելով, որ «միտինգներով» պայմանավորված՝ ծանրաբեռնված են:
Ոստիկանության համար անձի առողջական վիճակը որեւէ նշանակություն չունի. կարեւորը «միտինգի» վայրում գտնվել է: