ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի դատախազի առեղծվածային կրակոցն ու դատախազական սենյակը չհանձնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանի առեղծվածային մահվան դեպքը շարունակում է շատերի մոտ հարցեր առաջացնել, թե ինչպես երկար տարիներ զենք ունեցող եւ զենքը լավ տիրապետող անձը կարող էր անզգուշության արդյունքում զենքի կրակոցից մահանալ:

Ու մինչ իրավապահները քննում են այս դեպքը` ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Խաչատրյանի շուրջ կատարվող դեպքերից:

Մասնավորապես, նա մեկ տարի առաջ էր ազատվել պաշտոնից, սակայն նրա դատախազության աշխատասենյակը մեկ տարի շարունակ որեւէ մեկը չէր մտել, եւ ավելին, ըստ դատախազության մեր աղբյուրների, անգամ ազատվելուց հետո իր սենյակը չէր հանձնում:

Նշենք, որ Գեղարքունիքի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանը 2023 թվականի օգոստոսի 2-ին ազատվել էր պաշտոնից: Նրա եղբայրը՝ Կամո Խաչատրյանը եւս դատախազ է եղել եւ աշխատել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ու պաշտոնից ազատվել է 2023 թվականի մարտի 27-ին։

2024թ. հուլիսի 7-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։

Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս