Այս տարվա հոկտեմբերի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մտած քրեական գործն էլի ոչ անհայտ Լեւոն Սարգսյանի թիկնապահներից Գայդի գործով է. Ալրաղացի Լյովի` տարբեր ժամանակներում տարբեր պատմությունների մեջ ընկնող թիկնապահներից այս մեկին` Գայդին, վերագրվում է հարյուր հազարավոր դոլարների շուրջ 3 տասնյակ թանկարժեք գողացված մեքենաների մաքսանենգություն` փաստաթղթային կեղծ գրանցմամբ:
Եւ այսպես. ըստ մեղադրական եզրակացության` 2010 թվականին Գայդն ընդունում է ԱՄՆ բնակիչ, Ծիծակ մականունով Արման Գեւորգյանի առաջարկը` Վրաստանով Հայաստան մաքսանենգ ճանապարհով թանկարժեք մեքենաներ ներմուծելու վերաբերյալ: Գայդը ստանձնում է հայ-վրացական սահմանագծում մեքենաներն անձամբ դիմավորելը եւ կեղծ փաստաթղթերի միջոցով դրանք ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ մաքսային ձեւակերպման եւ հաշվառման ներկայացնելը: Ըստ մեղադրանքի` նրա իրավասությունների մեջ է մտել նաեւ մեքենաների իրացումն ու ստացված գումարները Ծիծակին փոխանցելը: Այս գործողությունների համար նպաստավոր է եղել այն, որ ԱՄՆ-ում գողացված եւ մեր երկրում հայտնված մեքենաների գողության եւ մաքսանենգության փաստերը չէին բացահայտվում, որովհետեւ ԱՄՆ ինտերպոլի մարմինները Եվրոպայի իրենց գործընկերներին հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ տվյալներ չեն տրամադրում, իսկ Հայաստանի իրավապահները ստուգումները կատարում էին միմիայն Եվրոպայի ինտերպոլի հնարավորությունների սահմաններում:
Ըստ մեղադրանքի` 2010թ. նոյեմբեր-2011թ. մարտ ամիսների ընթացքում Ծիծակն ԱՄՆ-ում հիմնականում ազգությամբ հայ քաղաքացիների անվամբ ձեւակերպել է 24 մեքենա ստանալու վերաբերյալ փաստաթղթեր, ինչից հետո տարբեր ընկերությունների կողմից դրանք տրամադրվել են նրանց՝ ի դեպ, սահմանված ժամանակացույցով վարկով մարելու եւ առանց պատշաճ թույլտվության ԱՄՆ-ից չարտահանելու նախապայմանով։
Նույն ժամանակահատվածում Գայդը Երեւանում ձեռք է բերել բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, այդ թվում եւ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ազգականի ու վարորդի` Սեդրակ Հովհաննիսյանի եւ Օնիկ Հովհաննիսյանի անձնագրերի լուսապատճենները եւ ուղարկել ԱՄՆ` Ծիծակին, որպեսզի մեքենաների` մաքսանենգությամբ տեղափոխելու համար անհրաժեշտ կեղծ փաստաթղթերը կազմվեն նրանց անվամբ։ Մեքենաները Նյու Յորքի նավահանգստում փաստաթղթավորվել են այլ, այնպիսի ավտոմեքենաների անվան տակ, որոնց արտահանման հետ կապված նման սահմանափակումներ չէին կիրառվում: Մինչեւ 2011թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում 24 մեքենաներով 9 կոնտեյներներն առաքվել են Վրաստան, իսկ այնտեղից էլ «Կավկաստրանս Էքսպրես» տրանսպորտային ընկերության միջոցով` Հայաստան։
Իսկ Արմեն Սարգսյանը, նախապես ճշտելով կոնտեյներների` ՀՀ ժամանելու օրն ու ժամը եւ իր մոտ ունենալով ժամանած ավտոմեքենաների վերաբերյալ իրական տվյալներով կազմված, սակայն կեղծ արտահանման տեխնիկական անձնագրեր, հաշիվ-ապրանքագրեր եւ հաշիվ-բեռնագրեր, մեկնել է Բագրատաշենի մաքսակետ` դիմավորելու բեռնատարների վարորդներին, ԱՄՆ եւ Վրաստանի տարածքում օգտագործված այլ ավտոմեքենաների տվյալներով կեղծ փաստաթղթերը փոխարինել է կոնտեյներներում փաստացի առկա ավտոմեքենաների տվյալներով կազմված, սակայն կեղծված փաստաթղթերով եւ դրանք տրամադրել մաքսավորներին՝ ավտոմեքնաների մուտքը ՀՀ ձեւակերպելու եւ հետագայում մաքսազերծելու համար։ Նախաքննական մարմինը պարզել է, որ ընդհանուր` 548.350.000 ՀՀ դրամ արժեքով 24 մեքենաներից առաջին 2-ն առաքվել են իրական տվյալներով, իսկ մնացածը` այլ ավտոմեքենաների անվան տակ: Սակայն արդեն ՀՀ-ում մաքսային ձեւակերպման են ներկայացվել «մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, տարբեր կեղծիքներ պարունակող փաստաթղթերով», ինչի արդյունքում այդ 24 ավտոմեքենաներից 4-ը հայտնաբերվել են մաքսանենգության փորձ կատարելիս՝ Բագրատաշենի մաքսակետում, մինչեւ մաքսազերծման ներկայացնելը: 3 ավտոմեքենաների համար կազմվել են փոխադրման ամփոփագրեր, դրանք Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել են Երեւան, սակայն ՊԵԿ մասնագիտացված մաքսատանը չեն մաքսազերծվել, քանի որ հանցագործության փաստը բացահայտված է եղել: Մնացած 329.225.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 17 մեքենաները մաքսազերծվել եւ հաշվառվել են:
Եթե Ծիծակը նախաքննության կողմից համարվում է կազմակերպիչ, ապա մյուս մեղադրյալները` Արմեն Սարգսյանը, Էրիկ Ներսիսյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, Արսեն Խաչատրյանը, Սերոբ Դավթյանը, Անդրեյ Ժուչյոնկովը, Սեդրակ Հովհաննիսյանը եւ Օնիկ Հովհաննիսյանը` օժանդակողներ: Ըստ մեղադրանքի` նրանք Գայդի առաջարկությամբ վերջինիս են տվել իրենց անձնագրերի լուսապատճենները՝ ԱՄՆ ուղարկելու եւ այնտեղից մաքսանենգ ճանապարհով Հայաստան մեքենա տեղափոխելու համար: Եթե Օնիկին է վերագրվում օժանդակություն` 24 մեքենաներից 39.200.000 դրամ շուկայական արժեքով 3 ավտոմեքենաներն ընդունելու եւ կեղծ փաստաթղթերով ձեւակերպելու չափով, ապա Սեդրակ Հովհաննիսյանին վերագրվում է 126.000.000 դրամ շուկայական արժեքով 3 ավտոմեքենաների կեղծ փաստաթղթերի ընդունում եւ ձեւակերպում:
ԳԱՅԴԸ, ԾԻԾԱԿՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ