Հորդորում ենք ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը. ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա, այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի երեկոյան Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմից զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Ոսկեհատ գյուղի սկզբնամասի կիսակառույց շենքում: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով զենք և զինամթերք` 3 ինքնաձիգ, 1 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 2 հրացան, «ԻԺ» տիպի կարճեցված փողով 3 հրացան, 1 ռադիոսարքավորում, ինքնաձիգի 5 փամփշտատուփ, 3 տրոտիլային պայթաղյուս, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն նռնակի մետաղական 2 իրան, «Ֆ1» տիպի 2 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, ուսումնական 2 նռնակ, գնդացրի 114 և ինքնաձիգի 1200 փամփուշտ և այլ ռազմամթերք:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան տրամաբանական ավարտին հասավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. 1-02 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Քաջազնունու փողոցի ավտոտնակների մոտ թողել է ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սպորտային պայուսակ, որի մեջ կար պահեստատուփով մեկ ինքնաձիգ:

Նույն օրը ոստիկանություն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Դալմայի այգիների էլեկտրասյան մոտ պատերազմից բերված զենք է թողել: Մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային չորս տոպրակ, որոնցում կային պայթուցիչներով 2 նռնակ, ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ, կարճ փողով որսորդական հրացան, ողորկափող հրացան և ինքնաշեն նետահար՝ արբալետ:

Ոստիկանները նաև հայտնաբերում ու առգրավում են ապօրինի զենքեր, բայց նման դեպքերում, հիշեցնենք, որ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհին ծառայող պարեկները լուսային սարքերի անսարքության համար կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի 44-ամյա ուղևորի ոտքերի տակ ակնհայտ երևացել է հրացան: Նա հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ որսորդական հրացան, որի համար վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված հրացանները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Այս դեպքով հանգամանքները պարզվում են:

Իսկ որպեսզի գործը նախաքննության չհասնի` կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս