Երևանում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված ձախ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:
Բացի այդ, Ուլնեցի փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:
Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: