ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանու արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով այսօր չի կայացել։
Նշենք, որ արտահերթ նիստը համայնքապետ ընտրելու օրակարգով էր, ավագանին պետք է իր անդամներից թեկնածու առաջադրեր և համայնքապետ ընտրեր, սակայն այսօր ՔՊ-ն, որը Գյումրու ավագանիում մեծամասնություն է, հայտարարեց, որ համայնքապետ չեն ընտրելու։
Ըստ օրենքի՝ եթե մինչև աշնանային նստաշրջանի ավարտը կամ քվորումի բացակայությամբ նիստ չի կայանում, կամ կայանում է, բայց համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա ավագանին լուծարվում է։
ՔՊ-ն նաև հայտարարել է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն, իսկ իշխող ուժի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրել էր. «Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:
Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:
ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։
Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։
Իշխանությունները հակված են նաեւ Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ:
Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է:
Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Քրիստինա Մուշեղյան