ԿՆԵՐԵ՞Ն
«Ես ներել եմ Սաքունցին վաղուց»,-NEWS.am-ի թղթակցին ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` իր դեմ ներկայացրած հայցադիմումին: «Ես անցած էտապ եմ համարում էդ ժամանակահատվածը եւ կարծում եմ, որ Սաքունցն էլ պետք է հետեւություն անի: Լավ չէ, որ մարդիկ չեն ընկալում խնդիրը եւ վերածում են ձեւի, եւ շատ հասկանալի է, որ գրանտակերները գրանտները ստանում են մի նպատակի համար եւ օգտագործում այլ նպատակի համար»,-նշել է Վլադիմիր Գասպարյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Երբ Վ.Գասպարյանը հայտարարում է, որ ներում եմ, կամ նման հարթության վրա է տեղափոխում, դա նշանակում է, որ այդ մարդը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, այստեղ խոսքը նրան է վերաբերում, թե ինչպես պետք է իրեն դրսեւորի պետական պաշտոնյան իր կարծիքներում, իր արտահայտություններում, այստեղ ներելու կամ չներելու բան չկա, մենք հպատակներ չենք, որ սպասենք կամ գոհ մնանք կայսրի կամ դիկտատորի ներողամտությանը, քմահաճույքներին»:
ՊՐԱԳՄԱՏԻԿ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ
««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին` պրագմատիկ լիբերալ հայացքներն առաջ տանելով»,-հայտարարել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` նշելով, որ իրենք կհամագործակցեն գաղափարական առումով նմանատիպ տեսլական ունեցող քաղաքական ուժերի, այդ թվում «Ժառանգության» հետ:
Սեդրակյանի խոսքերով` կուսակցությունն այժմ շատ ինտենսիվ համագործակցում է նաեւ քաղաքացիական կառույցների հետ, արդեն ձեւավորել է տարածքային կառույցներ եւ ունի 3000-ից ավելի անդամ:
ՔԱՐԵ ԴԱՐՈՒՄ
Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը տեխնիկապես վերազինման կարիք ունի: Այդ մասին հայտարարել է թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
«Խոսքը ոչ թե հենց շենքի, այլ բեմի, նրա տեխնիկական վերազինման մասին է: Ամբողջ աշխարհում դեկորացիաները փոխվում են կոճակի մեկ հպումով, իսկ մեզ մոտ դա արվում է համարյա ձեռքով: Քարե դար է»,-ասել է նա:
ԱՆՍՈՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Նոյեմբերի 25-ի հանրահավաքին ընդառաջ` երեկ Աջափնյակ համայնքի ՀԱԿ ակտիվիստները կազմակերպել են իրազեկման անսովոր ակցիա: Նրանք լուռ, առանց վանկարկումների քայլել են դեպի Կիեւյան կամուրջ, կանգնել 300 մետրանոց կամրջի բազրիքների երկայնքով եւ պարզել «ՀԱԿ հանրահավաք, 25 նոյեմբեր, Օպերա-18:00» բովանդակությամբ պաստառները:
ԻՐԵՆՔ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է «Ժամանակ» օրաթերթի դեմ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի ներկայացրած դատական հայցի քննությունը: Այս նիստում ցուցմունք է տվել հայցի պատճառ դարձած լուրի հեղինակ, լրագրող Արման Գալոյանը: Վերջինս նշել է, որ հոդվածում վիճարկվող «ինքնափլուզում» բառը սեփական դատողությունն է, եւ դա արել է՝ նկատի ունենալով փաստը, որ Մուշ-2 թաղամասի բնակիչ Անժիկ Մելիքյանի բնակարանի առաստաղի գաջը թափվել է նրա գլխին՝ ինքնըստինքյան, այսինքն՝ ինքնափլուզվել է: Գալոյանը նաեւ նշեց, որ վիճարկվող մյուս փաստը, թե «Գլենդել հիլզ»-ն առաջարկել է 1000 դոլար գումար, նաեւ վերանորոգել բնակարանը, միայն թե բնակիչները չբողոքեն լրատվամիջոցներին, իրեն հայտնի է դարձել բնակիչների տված հարցազրույցներից: Ի դեպ, պարզվում է՝ հետագայում «Գլենդել հիլզ»-ը փոխհատուցել է բնակիչներին բնակարաններում առկա թերությունների համար, բայց դա արել է ոչ թե ակնկալիքով կամ սպառնալիքով, այլ որպես փոխհատուցում: Եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ այդպես, ըստ էության, «Գլենդել հիլզ»-ը հիմնավորել է գրվածը, եւ ասաց, որ ճիշտ կլիներ՝ հրապարակեին այդ գումարը, որը միգուցե 1000 դոլարից շատ է: Դատավորը նիստը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 14-ը` ժամը 16:00-ն: