Հ1-ի «Առաջին լրատվական»-ի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատրաստվում է Նոր Նորքի ընտրատարածքից պատգամավոր դառնալ: Մեր հարցին` «ճի՞շտ է, որ պատրաստվում եք պայքարել ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի դեմ», Ֆարմանյանը պատասխանեց, որ գուցե նման ենթադրությունների հիմք է տալիս այն, որ ինքը մեծամասնական ընտրակարգով մասնակցել է 2007-ի ընտրություններին: «Ես, իհարկե, երբեք անտարբեր չեմ եղել քաղաքականության հանդեպ, եւ միշտ էլ մտածել եմ խորհրդարանական աշխատանքի մասին, բայց առաջադրման որոշում չունեմ»,-ասաց նա` հավելելով, որ Հանրայինում աշխատանքը մեծ հաճույք է պատճառում իրեն, հատկապես, որ «ունակ եւ պրոֆեսիոնալ թիմ ունենք, եւ շատ կարեւոր ծրագրեր ու լավ գաղափարներ կան»: Նշենք, որ Շիրակի մարզից պատգամավոր դառնալու ցանկություն ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մյուս ընկերը` «Պրես ստենդ»-ի նախկին տնօրեն, «tert.am»-ի սեփականատեր Արման Սահակյանը, ով կմրցակցի ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ