Արտառոց դեպք՝ Երևանում․ ուշացած ոստիկանների փոխարեն տան տիրոջ բարեկամն է բռնել գողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի բնակիչ 39-ամյա Շ. Խ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցի իրենց տուն 2 գող են մտել, իսկ տանը ոչ ոք չկա: Ահազանգողը նաև հայտնել է, որ այդ ամենն ինքն իմացել է տեսախցիկների միջոցով:

Քաղաքացին մոտ 1 ժամ սպասել է ու տեսնելով, որ ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա, գողության մասին հայտնել է իր փեսային, որից հետո փեսան իր ընկերոջ հետ գնացել է տուն և հենց տան մեջ բռնել գողին: Տուժած քաղաքացին դարձյալ զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ մինչ նրանք կգային, փեսան գողին բռնել է:

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ դրանից հետո անցել է մոտ 30 րոպե, նոր միայն դեպքի վայր են բարեհաճել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր նշված տնից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել այդ քաղաքացուն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն կատարողը 35-ամյա Արամ Բաղդասարյանն է, ով հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարության դատապարտյալների հիվանդանոցում, և պարզվում է, որ նա նշված տան պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել տուն, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է բնակարանի տիրոջ բարեկամների կողմից:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, իսկ կասկածյալը տեղափոխվել  է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր:




Լրահոս