Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության` 11, ֆիզիկական ներգործության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, թմրանյութի իրացման եւ սառը զենք կրելու՝ 3-ական, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ջրային կենդանիների ապօրինի որսալու կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու եւ դատական ակտը չկատարելու՝ 2-ական, մարդու առեւանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինքնիրավչության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ արարք կատարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու եւ փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության եւ շորթման՝ 2-ական, սպանության փորձի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ճանապարհատրանսպորտային պատահարի ու խարդախության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 18 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ՀՀ ՆԳՆ
Ս. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ
Վարչապետի որոշմամբ՝ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող», – նշված է որոշման մեջ։
ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայ է սպանվել: Այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականի էջը:
«Բէյրութի մեջ սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Զոհը մեր հայրենակից Վաչե Արսլանյանն է»,- ասված է հրապարակման մեջ:
Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։
Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին իր հետ չեն եղել։
ՄԵՂԱԴՐԱՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հրայր Իշխանի Հովսեփյանը մեղադրվում է այն հանցավոր արարքի կատարման համար, որ, հանդիսանալով «Հայաստանի Հովվաշների Բուծողների Ասոցացիա» Շնասերների Հասարակական Կազմակերպություն ՀԿ-ի նախագահ, 2024 թվականի հունվարի 28-ին Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրի մերձակայքում գտնվող ցանկապատված տարածքում կազմակերպել եւ իրականացրել է հովվաշների մարտեր։
Այսինքն՝ Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։
Բացի այդ, Հրայր Իշխանի Հովսեփյանը, հանդիսանալով «Հայաստանի Հովվաշների Բուծողների Ասոցացիա» շնասերների հասարակական կազմակերպություն ՀԿ-ի նախագահ, 2024 թվականի մարտի 10-ին Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրի մերձակայքում գտնվող ցանկապատված տարածքում կազմակերպել եւ իրականացրել է հովվաշների մարտեր։
Այսինքն՝ Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։
Այսպիսով, Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ