Հանքի տնօրենությունը չի կարողանում հարցը լուծել. դիմել են «վերեւներին». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԶՊՄԿ-ի հարցը հասել է իրավապահ համակարգ, գործադիր ու օրենսդիր մարմիններ:

Սյունիքի մարզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները (բաժնետեր է նաեւ Կառավարությունը) հունվարի 31-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլին մասնակցում են ԶՊՄԿ-ի շուրջ 200 աշխատակից։ Կոմբինատի ղեկավարության եւ գործադուլավորների միջեւ տեղի ունեցած բանակցությունները 7 օրից ավելի է, ինչ այդպես էլ որեւէ արդյունք չեն տալիս: Երեկ էլ գործադուլը շարունակվում էր: Թեեւ 70 աշխատակիցների տվյալներ հանքի տնօրենությունը փոխանցել է իրավապահներին, որ նրանցով զբաղվեն, սակայն իրավիճակը չի հանդարտվում:

Նախ ԶՊՄԿ-ի վերնախավը գործադուլը չի համարում իրավաչափ եւ մինչ այսօր չի ընդառաջում իր աշխատակիցներին: Նրանք շտապել են միայն հաշվարկել հանքի կրած վնասները, իսկ մարդիկ, որոնք բողոքում են անմարդկային պայմաններում աշխատելուց, հանքի ղեկավարությանը չեն հետաքրքրում:

Ընկերությունը պաշտոնական տվյալներ հաղորդեց, թե գործադուլի հետեւանքով ԶՊՄԿ-ն օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրում, իսկ պետությունը՝ ավելի քան 100 միլիոն դրամի հարկային կորուստ: Բայց, դրանով հանդերձ, ԶՊՄԿ խորհրդի անդամները որեւէ քայլ չեն ձեռնարկում աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար։

Փետրվարի 5-ին նաեւ Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուք էր տեղի ունեցել գործադուլավորների եւ նրանց դեմ արտահայտվողների միջեւ։ Այս իրավիճակն այնքան է սրվել, որ ԶՊՄԿ-ի ռուս բարձրաստիճան անձնակազմը դիմել է իրավապահներին եւ կառավարությանը՝ իրավիճակը հարթելու համար, քանի որ իրավիճակն իրենց վերահսկողությունից դուրս է եկել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք դիմել են ե՛ւ իրավապահներին, ե՛ւ գործադիրին` խնդրելով միջամտել եւ հարցը կարգավորել: Անգամ ՔՊ-ական պատգամավորներն են փորձել միջամտել, հանդարտեցնել աշխատակիցներին, սակայն գործադուլ հայտարարածները չեն նահանջում` պահանջելով մարդկային աշխատանքային պայմաններ։

Թերեւս, երբ Նիկոլ Փաշինյանը գա Հայաստան, որպես ԶՊՄԿ Կառավարության «գլխավոր բաժնետեր»՝ Տավուշի անտառահատների օրինակով իրավապահներին կհրահանգի արյան գետեր ապահովել:

Այսինքն` հպարտ քաղաքացին ոչ միայն իրավունք չունի գործադուլ անել Փաշինյանի օրոք, այլեւ Կառավարության ուղղակի կառավարման ներքո գտնվող հիմնարկում արհամարհվում են աշխատակիցների օրինական շահերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս