![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5274019539849440027_y-1.jpg)
Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր և թեժ:
Ընտրություններին պայքարելու են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերը ևս հայտարարել են մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:
ArmLur.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշում է՝ «շախմատի ֆինտերը էլ չեն անցնում, սաղի շապիկները պատռվել են, ոչինչ առաջվանը չէ, որ աչքերներս կուրացած լինի»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում թեկնածուներին, երեկ էլ Ռուբեն Մխիթարյանը, որը Գյումրիում մեծ լսարան ունի, հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, Վարդան Ղուկասյանը արձագանքեց․
«Հա, ճանաչում եմ, լավ տղա է, բայց ի՞նքն էլ է առաջադրվելու, ինքն իրա գործն ունի, քաղաքապետի պաշտոնը դարձրել են «պլենտուսի» մակարդակի։
Թող 100-200 հոգով մասնակցեն, տեսնենք, վերջում մի լավ բան կլինի, կհաղթի Աստծու ու ժողովրդի կամքը։ Եթե այսքան պետության մեջ նախկին ու ներկա, հարստություններով, լրատվամիջոցներով աշխատում են իմ դեմ, գոնե որ հաղթեմ, թող ասեն՝ արի ճակատդ պաչեմ»։
Հետաքրքրվեցինք նաև՝ եթե որևէ ուժ չհավաքի 50+ ձայն, ինչ զարգացումներ կլինեն, ինքն արդյո՞ք որևէ ուժի հետ կոալիցիա կկազմի, Վարդան Ղուկասյանը բացառեց՝ ՔՊ-ի և ՀՀԿ-ի հետ որևէ դեպքում չի համագործակի։
«Եթե քաղաք կառուցողը 50+ ձայն չհավաքի, ով պետք է հավաքի։ Բայց սխալ է ամեն ինչում վստահ լինելը, եթե մարզիկն էլ մրցույթից առաջ ասում է, ես հաղթելու եմ, դա սխալ է, Աստված ում կամեցավ, իրա կամքով կլինի։
Ես կոչ կանեի բոլորին, որ քաղաքակիրթ ձևով գնան պայքարի՝ առանց իրար վրա ցեխ շպրտելու, ժողովուրդը կորոշի՝ ում հավատա։
ՀՀԿ-ի ու ՔՊ-ի հետ միանշանակ կոալիցիա չեմ կազմելու, մնացածն էլ՝ կապրենք, կտեսնենք»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Քրիստինա Մուշեղյան