Այս պահին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանն ու իրավապաշտպան, ակտիվիստ Անի Կաղինյանը ներկայացնում են հանրային տրանսպորտի հնարավոր թանկացման մասին իրենց տեսակետները:
Գևորգյանի կարծիքով՝ թանկացումների ժամկետը կախված է քաղաքական փոփոխությունների հետ, որոշումն էլ քաղաքական է: «Արդեն վաղուց կթանկանար, եթե քաղաքական փոփոխությունները շուտ լինեին: Վարչապետ է փոխվել, հնարավոր է տրանսպորտի գինը փոխել և մարդկանց շեղել»,- ասաց Գևորգյանը:
Կաղինյանի խոսքերով էլ՝ հնարավոր է՝ փոխվի տրանսպորտի գինը, սակայն պետք է ուժեղ լինենք:
«Վերջին հանձնաժողովում տեսանք, որ քաղաքացիական ակտիվիստներից ոչ ոք ներկա չէ, պաշտպանում է իշխանությունների խահերը: Ապօրինի հանձնաժողով էր»,- ասաց Կաղինյանը:
Իսկ Գևորգյանի համոզմամբ` ընտրված հանձնաժողով էր, և ինքը բազմիցս հաշվարկներ է ներկայացրել, սակայն չեն ընդունել: «Եվրոպացի պետք չէ բերել, որ որոշի՝ վարորդը ծխի, թե չծխի: Որոշման համար գումար ծախսել պետք չէ: Ցանկացած խելացի իշխանություն կփորձեր խելամիտ քայլեր անել, որպեսզի որոշումը չքննադատվեր: Ամեն ինչ ավելի է վատացել: Պե՞տք է 200 դրամ վճարենք, որ վարորդը սափրվի կամ չհայհոյի»,- շարունակեց Գևորգյանը:
Նրա խոսքերով` ինքը չգիտի, թե ինչու պետք է վճարի այնքան գումար, որքան պահանջում են, և համոզված է, որ դա ոչ ոք չգիտի:
«Իմ խոսքերը քաղաքապետարան չեն հասնում, կամ էլ հասնում են, բայց ցանկություն չկա դրանք լսել: Ներկայիս փաստացի վիճակը 70 դրամ և ավելի պակաս է ինքնարժեքը: Այսինքն՝ մենք 30 դրամ ավել ենք տալիս: Նախ պետք է տեսնենք 100 դրամին համարժեք վիճակի տրանսպորտ, հետո կտեսնենք»,- բնութագրեց տնտեսագետ-փորձագետը: