ՏԱՎՈՒՇԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանում հանդիպում ունեցավ մարզի ՀԿ-ների եւ մարդու իրավունքների ոտնահարման մասին բողոքող 3-4 քաղաքացիների հետ: Նախ` հանդիպման վայրի եւ ժամանակի իրազեկումը պատշաճ չէր կատարվել: Միգուցե դրանով էր պայմանավորված, որ հանդիպման մասնակիցները մոտ տասը հոգի էին, այն էլ կրթամշակութային եւ բարեգործական  կազմակերպությունների ղեկավարներ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Դալյային (առանց ազգանունի), ով Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի ներկայացուցիչն է:
 2012թ. հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է ՄԻՊ գրասենյակ բացել նաեւ Տավուշի մարզում: Կարեն Անդրեասյանը Տավուշի ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին խնդրեց խոսել մարզում առկա մարդու իրավունքների ոտնահարման  դեպքերի մասին: «Բայրամյան»  սոցիալական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Բայրամյանը «դարակազմիկ» միտք հայտնեց, որ Տավուշի մարզում մարդու իրավունքները չեն ոտնահարվում, քանի որ մարզպետարանն իր աշխատանքով թույլ չի տալիս մարդու իրավունքների ոտնահարում: Իսկ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Սիլվա Մկրտչյանը խոսեց այն մասին, որ աղանդավորական կազմակերպությունները թույլ չեն տալիս բժշկական պարտադիր, կանխարգելիչ պատվաստումներ կատարել երեխաներին: ՀԿ-ների ներկայացուցիչները հարցեր առաջադրեցին մարզում բժշկասոցիալական փորձաքննություններ կատարող եւ հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների ոչ օբյեկտիվ աշխատանքի, մարզում ոչ մաքուր բնական միջավայրի եւ այլնի մասին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս