Armenian text to speach

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. մանրամասներ մաս 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները` հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանն է Եռաբլուրի հողերի իրական վաճառողը եղել: Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղից է: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել է նրա գինու, կոնյակի գործարանի բացմանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։ Ներկայացրել էինք 6 դրվագները: Շարունակում ենք մանրամասնել:

Եվ այսպես, 7-րդ դրվագի համաձայն` նույն Արմեն Սարգսյանը, Հարություն Մանուչարյանի համար, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը օտարել է: Ըստ դատախազության՝ «574 մլն 260 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը ընդամենը 161 մլն դրամով վաճառվել է Հարություն Մանուչարյանին։ 3 տարի անց Մանուչարյանը ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին է վաճառել նույն հողամասը ավելի էժան` 115 մլն 900 հազար ՀՀ դրամով»։

8-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1,4514 հա մակերեսով հողատարածքը Անուշավան Ղազարյանին է օտարել: Համաձայն դատախազության տվյալների` 399 մլն 580 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը օտարվել է 101 մլն 600 հազար դրամով: Այնուհետեւ, նույն Անուշավան Ղազարյանը, իր անվամբ որպես սեփականություն հաշվառված հողամասը տրոհել է 0,36285, 0,36285 եւ 0,7257 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, եւ վաճառել է այլ անձանց:

9-րդ դրվագով Արմեն Սարգսյանը հողեր է վաճառել ՀՀ ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանին, որը տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը: Նա Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայական արժեքը եղել է 1 մլրդ 588 մլն դրամ, Վաչագան Ղազարյանի փոխարեն վերջինիս մորեղբոր թոռանը՝ Արմեն Ավետիսի Մկրտումյանին է օտարել ընդամենը 360 մլն 450 հազար ՀՀ դրամով։

Ըստ դատախազության` Վաչագան Ղազարյանը շարունակել է հանցավոր ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունները եւ տրոհել է 2,14989, 1,80512 եւ 0,05 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, որոնցից մեկը Արմեն Մկրտումյանի եւ Կորյուն Եղիազարյանի միջեւ կնքված ձեւական առուվաճառքի պայմանագրով 12 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի ընկերոջը՝ Կորյուն Եղիազարյանին:

Տրոհումից գոյացած երկրորդ հողամասը ձեւական առուվաճառքի պայմանագրով 10 մլն դրամով վաճառվել է Կորյունի կնոջը` Ալլա Ստեփանյանին: Իսկ երրորդ կտորը 1 մլն դրամով վաճառվել է արդեն Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:

Հետո էլ Կորյուն Եղիազարյանը Վաչագան Ղազարյանի որդուն` Մհեր Ղազարյանին, ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով 841 մլն դրամով վաճառել է Ալլա Ստեփանյանի անվամբ գրանցված հողամասը: Ապա  Ալլա Ստեփանյանի եւ կրկին Վաչագան Ղազարյանի որդի Մհեր Ղազարյանի միջեւ 2021 թվականի մայիսի 26-ին ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով հողամասը 1 մլրդ 269 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին:

 

շարունակելի….

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի եւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում իշխանական կուլիսներում: Մասնավորապես, այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Զեյնալյանից, ով, լսելով մեր հարցը իր թեկնածու լինելու մասին, հայտարարեց. «Առանց մեկնաբանության»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 20-ին գրել էր, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Սակայն Փաշինյանը դրան ոչ մի կերպ չի արձագանքել, երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա. ՔՊ խմբակցության ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կվստահեն այդ պաշտոնը: Իսկ ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանին, ապա հիշեցնենք, որ 2019-ի ամռանը նա հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան մերժեց նույն Ազգային ժողովում: 2022 թվականի հունիսի 27-ին Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց ՔՊ-ի կողմից: Այդ օրերին Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում: Բայց հիմա նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով մեր գործընկերները տուժող են ճանաչվում: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քնչական կոմիտեում, եւ օրերս սկսել են Արաբկիր բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ովքեր ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

 

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ անձամբ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից։

 

 

 

 

 

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննադատել էր ՍԴ դատավորներին՝ ներառյալ ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանին՝ նրա այդ պաշտոնը համարելով ապօրինի, քանի որ չկա որեւէ հրաման, որը կապացուցի, որ Գրիգորյանը ՍԴ փոխնախագահն է: Ահա Գրիգորյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ղազարյանի նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեն էլ անմիջապես հարուցել է քրեական գործ, մտել դատարան՝ պահանջելով, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն, ինչի արդյունքում սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը: Ղազարյանն իրավունք չունի քննիչների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների եւ նրանց մերձավոր բարեկամների մասին քննադատական միտք հնչեցնել: Ինչպես է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկնաբանում այս իրավիճակը, որ իր դիմումի հիման վրա սահմանափակվել է հանրային գոծիչի խոսքի ազատությունը: «Առանց մեկնաբանության», – կարճ ասաց Վահե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում՝ թողնելով անպատասխան մեր հարցերը: Իսկ մեկնաբանությունները թողեց «մեր խղճին»: Փաստ է, որ իրավունքների պաշտպանությամբ հայտնի նախկին իրավապաշտպան Վահե Գրիգորյանը, որը ՍԴ դատավոր դարձավ, իսկ հիմա ՄԻԵԴ դատավոր, դիմել է հայրենի իրավապահներին՝ սահմանափակելու հանրային գործիչի գործունեությունն ու խոսքի ազատությունը:

 

 




Լրահոս