
ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Սպասվող ընտրություններից առաջ իշխանականները խմբերի են բաժանվել եւ գործի անցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել», ինչպես ինքն է սիրում ասել՝ հօգուտ թիմի:
ՔՊ-ականների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին հանձնարարվել է մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մեկ այլ մասի հանձնարարվել է հարցազրույցներ տալ ու հերթով տարածել ՔՊ-ական թեզերը՝ իրական Հայաստան, Խաղաղության պայմանագիր եւ այլն:
Մյուս խմբին էլ հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար:
Ի դեպ, ինչպես մեզ փոխանցում են, նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը:
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա է սպասվում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ում Բաքվում խոշտանգել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում եւս անհանգստություն կա, նախ այն բանի համար, թե ինչքան մարդ ոտքի կկանգնի, եւ ինչպես դրան կարձագանքի թշնամի երկիրը: Նախօրեին Վարդանյանի որդին կոչով դիմեց, որ իր հորը խոշտանգել են, եւ պետք է քայլեր ձեռնարկել: Սակայն հայրենի իշխանություններից որեւէ մեկը մի հոդաբաշխ նախադասություն չի ասել, թե ինչ է անում այս վայրագությունների դեմ: Երեկ ՀՀ արդարադատության նախարարն ու ՀՀ ՄԻ պաշտպանը կիսատ-պռատ հայտարարեցին, թե նամակներ են գրել պատկան մարմիններին ու վերջ: Երեկվա հավաքը իշխանություններին անհանգստացրել է, որ գուցե նոր կրքեր բորբոքվեն: Հիշեցնենք, որ երեկ, ի պաշտպանություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Կառավարության շենքի մոտ ակցիա տեղի ունեցավ, որի ժամանակ մասնակիցները պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ազատ արձակելու Ռուբեն Վարդանյանին եւ բոլոր հայ գերիներին։ Նրանք նաեւ կոչ էին անում ՀՀ ԱԳՆ-ին հանդես գալ հրատապ հայտարարությամբ եւ հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս գերիներն ու պատանդները Բաքվում պահվում են ապօրինի: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ Կառավարությունը գործադրի բոլոր լծակները՝ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որեւէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք): Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացավ, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թեւնոց եւ այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել:
Ալեն Սիմոնյանի ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաեւ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն: Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, եւ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, փետրվարի 24-ին մասնակցել էին Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստին: ՔՊ-ից մեզ հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանի մայրը ՔՊ առաջին համագումարից դեռ կուսակցության անդամ է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանն անդամագրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ոչ միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները, այլ նաեւ աշխատակիցներն են մասնակցում ՔՊ նիստերին: Երեկ ՔՊ նախաձեռնող նիստին մասնակցել է նաեւ Ալեն Սիմոնյանի «սրտի աշխատակիցներից» նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ով գրեթե բոլոր գործուղումներին ուղեկցում է Սիմոնյանին: