«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
«ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված եւ երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը եւ դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:
ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, եւ հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:
ԲՀԿ տեղեկացնում է նաեւ, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: