Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Ֆրանսիան հույս ունի, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա, թույլ կտա, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության, ինտեգրացիայի և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը ողջունել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ 




Լրահոս