«Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ, ռազմական ոստիկանության Արմավիրի նախկին պետ Գրիշա Սարգսյանն օրերս մամուլով հայտարարել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր մարտական ընկերն է: Սակայն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ընդամենն ասել է, որ Ծառուկյանն իր ընկերն է, եւ իր խոսքերը աղավաղել են:
-Նյութը տպագրված է խեղաթյուրված: Ես հարցազրույցի ժամանակ նման բան չեմ ասել, ես ասել եմ միայն` Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է: Ուրեմն 1991 թվականին Գագիկ Ծառուկյանն ընդգրկվել է հատուկ միլիցիայի ջոկատում` որպես ֆիզռուկ, նա մարտական գործողությունների ժամանակ օգնել է սնունդով եւ պարենային մթերքով, մարտական գործողություններին չի մասնակցել եւ մարտական ուղի չի անցել:
-Տեղեկություններ տարածվեցին, որ Դուք Գագիկ Ծառուկյանի թիմակիցն եք…
-Ուրեմն ընտրությունից ընտրություն հիշեն ազատամարտիկին եւ օգտագործեն իրենց նպատակին հասնելու համա՞ր, մենք թույլ չենք տա, մենք արդեն հաղորդագրություն ենք ուղարկել: Այն քաղաքական ուժը, որն այս գումարման ԱԺ-ում օրակարգ կմտցնի ազատամարտիկի մասին օրենքի նախագիծը, որը մենք ենք ուղարկել 2009 թվականին, եւ հետամուտ կլինի այդ օրենքի ընդունմանը, մենք բոլորս կսատարենք այդ քաղաքական ուժին` դա կլինի Դաշնակցությունը, դա կլինի ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, թե «Օրինաց երկիր»-ը: Մենք ոչ մի կուսակցությունից ո՛չ բարոյական, ո՛չ ֆինանսական, ո՛չ նյութական կախման մեջ չենք: Ասում են, որ ես ԲՀԿ-ին եմ սատարում, միանշանակ` ոչ, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, եւ ես նյութապես կախված չեմ Գ.Ծառուկյանից:
-Իսկ այժմ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր ընկերոջ` Գագիկ Ծառուկյանի հետ:
-Ես մոտ 4 տարի է` Գագիկ Ծառուկյանին չեմ հանդիպել, նա գործարար մարդ ա եւ ամեն օր այս կամ այն հանդիպումների մեջ ա…
-Բայց ասում եք` Ձեր ընկերն է, եւ Դուք 4 տարի է` նրան չե՞ք հանդիպել:
-Ես իրեն տեսել եմ, բայց մենք որեւիցե հարց չենք քննարկել, ուրեմն ես հանդիպումը հասկանում եմ նրանում, որ հանդիպես, քննարկես ինչ-որ հարց… մենք հանդիպել ենք, բարեւել ենք եւ անցել ենք:
-Նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանն ընդգրկվել է հատուկ միլիցիայի ջոկատում, այսինքն` ինքը ոստիկա՞ն է եղել:
-Այո՛, ինքը ոստիկանությունում նախկին աշխատող ա եղել:
-Ի՞նչ է աշխատել:
-Դե չեմ հիշում` ինչ ա աշխատել, էն ժամանակ, որ բանակ չկար, պետականություն չկար, հայտարարեցին, որ ստեղծվում են միլիցիայի հատուկ ջոկատներ միլիցիայի կամավորականներից, եւ այդ կանչով էլ նաեւ պարոն Ծառուկյանն ա եկել, կամավոր գրանցվել ա որպես ֆիզռուկ:
-Գագիկ Ծառուկյանն այդ ժամանակահատվածում ի՞նչ է արել նշված ջոկատում:
-Ինքը հիմնականում ջոկատի տղաների ֆիզպատրաստությամբ ա զբաղվել, օգնել ա սնունդով միլիցիայի հատուկ ջոկատի տղաներին:
-Այսինքն` յուրաքանչյուր ոք կարո՞ղ է այդտեղ գրանցվել:
-Ո՛չ, նախկին եւ ներկա ոստիկանության աշխատակիցներ են գրանցվել այնտեղ, բացի նրանցից, ոչ ոք չէր կարող այնտեղ գրանցվել:
-Բայց ինքը ոստիկանության համակարգում չի աշխատել:
-Աշխատել է, նախկինում ինքը ոստիկանության համակարգում է աշխատել, բայց չեմ հիշում` որտեղ:
-Ասացիք` Գագիկ Ծառուկյանը Ձեր ընկերն է, ու չե՞ք հիշում` որտեղ է աշխատել:
-Իմ ընկերն ա, բայց չեմ հիշում` որտեղ ա աշխատել, բայց որ աշխատել ա` միանշանակ:
-Իսկ լա՞վ ոստիկան է եղել:
-Չգիտեմ… որտեղ աշխատել ա` իրանց հարցրե՛ք, իսկ որպես լավ ընկեր` այո՛, լավ ընկեր ա:
-Իսկ Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է, որ ինքը Ձեր ամենամոտ ընկերն է:
-Գիտի-չգիտի` ես տեղյակ չեմ, էդ մարդուց, բացի լավ բանից, ուրիշ բան չեմ տեսել, դե ամենամոտ չէ, իմ ընկերն ա:
-Օրերս Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձն էր, որը նա Դուբայում նշեց: Ձեզ հրավիրե՞լ էր կամ Դուք շնորհավորե՞լ եք նրան:
-Տեղյակ եմ, որ ծնունդը նշել ա, բայց ո՛չ մասնակցել եմ եւ ո՛չ էլ շնորհավորել եմ:
ԺԱՐԻՏ ԳՐԻՇԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԸՆԿԵՐՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ