Ինչու է «Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 15-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում անց էր կացվել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունը: Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից: Փաշինյանը հանդես էր եկել «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով: Ելույթի ընթացքում ընդգծվել է տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Վարչապետը կարևորել է հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և ինքնազարգացման դերը։

Միջոցառումից հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, թե ինչու է Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը թատրոնի բեմը տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու համար: Ի դեպ Շահվերդյանը անձամբ էր Փաշինյանին դիմավորում թատրոնի մուտքի մոտ: Հավելենք, որ գիրք նվիրելու օրը նույն Շահվերդյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր «Զանգակ» գրախանութ գրքեր գնելու ժամանակ:

ArmLur.am-ը փորձեց զրուցել Սուրեն Շահվերդյանի հետ, նախ պարզելու, թե ինչու է վերջերս հաճախ ուղեկցում Փաշինյանին.

«Ես տրամադրում եմ թատրոնի դահլիճը նրանց, ովքեր որ ցանկանում են: Բազում միջոցառումներ են լինում, այդ թվում նաև այս առումով: Վարձակալության հիմունքներով դահլիճը վարձակալվել է և միջոցառում է անցկացվել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք Շահվերդյանից պարզել, թե արդյոք վերջինս կուսակցական է դարձել, ինչի համար հաճախ է Փաշինյանի հետ միջոցառումների մասնկացում.

«Ես անկուսակցական եմ, վերջին մեկ տարվա ընթացքում զբաղեցնում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավարի պաշտոնը և, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելում է թատրոն, այո՛ հանդիպում եմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Շուշաննա Ղազարյան




Լրահոս