ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԳԻՆԸ`
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանում վառելափայտի գինը ռեկորդ է սահմանել. մեկ խորանարդ մետրը վաճառվում է 12 հազար դրամով: Նախորդ տարիներին փայտի խորանարդ մետրի շուկայական գինը 8 հազար դրամ էր: Այս աշուն վաղաժամ տեղացած ձյունը, գյուղերում բարձր անցողունակությամբ բեռնատարների սակավությունը հնարավորություն չեն տալիս անտառի խորքերից վառելափայտ հանելու: Իսկ ճանապարհին մերձակա տարածքների փայտանյութը նախորդ տարիներին է հանվել: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ին որոշում կայացրեց, որ անտառներին մոտակա բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներ որպես պետական աջակցություն պետք է ապահովվեն անվճար թափուկ վառելափայտով: Սակայն այդ որոշումն ուշ կայացվեց, եւ նոյեմբերի սկզբին տեղացած ձյունն ի չիք դարձրեց այդ աջակցությունը: Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրեններից տեղեկացանք, որ մարզի բնակիչները չեն հասցրել օգտվել անվճար վառելիքի` կառավարության ուշացած աջակցությունից: Հիմա անտառային ճանապարհները սառած են, իսկ վառելափայտի համար անտառ մտնելը մահվան հետ խաղ է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ