Հայաստանի Կառավարությունը ցանկանում է լավ նախաձեռնություն անել, բայց ստացվում է՝ ինչպես միշտ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավական ակտերի էլեկտրոնային նախագծերի պորտալում քննարկման է դրվել մի կասկածելի նախագիծ, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է ՀՀ պետբյուջեն:
Ավիափոխադրողները (ինչպես տեղական, այնպես էլ միջազգային), որոնք կսկսեն թռիչքներ իրականացնել նախկինում չսպասարկված ուղղություններով, կստանան ֆինանսական աջակցություն.
15.000 դրամ՝ (39 դոլար) յուրաքանչյուր ուղեւորի համար Շիրակ օդանավակայանից Գյումրի թռիչքների համար։
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների համար՝ 20.000 դրամ (51 դոլար) մեկ ուղեւորի համար։
Ծրագրի նպատակն է ավելացնել ուղեւորահոսքը, ակտիվացնել զբոսաշրջությունը եւ ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում ուղեւորահոսքն աճում է, սակայն 2024 թվականին գրանցվել է 1,3 տոկոս նվազում։ Հաստատվելու դեպքում՝ նախագիծը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից։
Սա, մասնավորապես, կապված է կոնկրետ Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն դարձած հունգարական Wizz Air-ի հետ, որը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ բազայի բացումը այս ձմռանը ուղեւորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։
Կառավարությունը «հերոս հարկատուների» կողմից հավաքված գումարները, ըստ նախագծի, վճարելու է յուրաքանչյուր տեղի՝ ավիատոմսի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղի համար գնված չէ տոմս եւ չկա ամրագրում։ Ստացվում է, որ Կառավարությունը վճարելու է անգամ ինքնաթիռի դատարկ տեղերի համար սուբսիդիա:
Սա հերթական ապացույցն է գումարների մսխման, որի անունը իշխանությունները դրել են «սուբսիդիա» սեփական PR-ի համար:
Հունիսի 17-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են նստաշրջանի վերջին նիստին, որի օրակարգը շատ խիտ է լինելու: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Կառավարության մյուս անդամները. այնուհետեւ վարչապետը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը պատրաստվում է Կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաեւ ԱԺ ամբիոնից: Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայացնի իր միջնորդությունը՝ երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ հունիսի 9-ին տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։
2020 թվականի պատերազմի ավարտի ու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից վրդովված մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողով եւ ՀՀ Կառավարության շենք։ Արդյունքում, ներխուժած անձանց մի մասին իրավապահները գտան 5 տարի անց ու երեկ որոշում են կայացրել։ Մասնավորապես, Ազգարին ժողով, ՀՀ Կառավարություն ներխուժած 4 անձի վերաբերյալ գործը ուղարկում են դատարան։ Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը մեղադրյալներին կանչել է Կոմիտե ու ծանոթացրել որոշմանը: Հիշեցնենեք, որ մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ Կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը, այդ կերպ՝ ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով եւ բռնություն գործադրելով՝ մասնակցել զուգորդված զանգվածային անկարգություններին։ Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Ձեւավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ եւ զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը եւ գրավը, 5 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Ասել է թե՝ 5 տարի անց իրավապահները գտան Ազգային ժողով, Կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնին ու չի կալանավորել նրանց։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։ Տեղեկացանք, որ ժողովից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություններ են տեղի ունենալու: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները եւ հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Այս երկօրյա ՀՅԴ հավաքին մասնակցելու են ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցներից, ու ՀՅԴ կուսակցության համար այն շատ կարեւոր նշանակություն ունեցող ժողով է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժողովը Երեւան քաղաքից դուրս է լինելու: Նշենք, որ ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է:























