Բաքվի դատարանում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրան հարցեր են տվել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր բանակցությունների մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հունիսի 20-ին Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարության ընթացքում քննարկվել է մի փաստաթուղթ, որը հաստատում էր Բակո Սահակյանի մասնակցությունը ապրիլյան մարտերի վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի կողմից ստեղծված քննչական հանձնաժողովի նիստին, հաղորդում է Trend-ը:
Հաղորդվում է, որ վերջինս հաստատել է ապացույցները։ Սահակյանը նշել է, որ ապրիլյան մարտերից հետո Հայաստանում ստեղծվել է քննչական հանձնաժողով, որի նախագահը եղել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հանձնաժողովը լսեց և՛ զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց զեկույցները։ Ես հրավիրված էի մասնակցելու նիստերին, բայց նրանք չունեին ինձ պարտադրելու լիազորություններ», – ասել է Սահակյանը։
Նա նշեց, որ մանրամասն պատասխաններ է տվել հանձնաժողովի հարցումներին։
Երբ հարցրին, թե ինչու է Հայաստանի Ազգային ժողովը որոշել ստեղծել հանձնաժողովը, Սահակյանը պատասխանել է. «Քննչական հանձնաժողով ստեղծելու մեջ ոչ մի արտառոց բան չկար, քանի որ խոսքը վերաբերում էր Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված գործողությանը»։
Անի Վարդանյան





























