Կրեմլի մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է այն քայլերի կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը։ Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը՝ ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը իր հերթին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ իր ունեցած զրույցի հիմնական արդյունքների, ինչպես նաև Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է քայլերը, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։
Քննարկվել են նաև հայ-ռուսական երկկողմ օրակարգի որոշ ակտուալ հարցեր՝ շեշտադրում անելով ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրա-ներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման վրա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։






















































































