Վիճաբանել և դանակով հարվածներ է հասցրել կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 53-ամյա Մամիկոն Ղազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Մամիկոն Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր` Երևան քաղաքի Լազոյի փողոցի 6 շենքի 45 բնակարանում վիճաբանել է կնոջ` Ցողիկ Խաչատրյանի հետ և մի քանի անգամ դանակով հարվածել վերջինիս որովայնին` կյանքին պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Քրեական գործն այս պահին գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Մամիկոն Կիմի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Ցողիկ Վազգենի Խաչատրյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ խոհանոցից վերցրած դանակով հարվածել է վերջինիս որովայնին և որովայնի առաջնային պատին:

Խաչատրյանին դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմանական վնասվածք: Այսինքն` Մամիկոն Կիմի Ղազարյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Խափանման միջոց է նշանակվել կալանավորումը:

Դատարանի իրեղեն ապացույցների պահպանման սենյակում է գտնվում խոհանոցային դանակը, Ց. Խաչատրյանի հագուստները` մեկ փաթեթում փաթեթավորված և կնիքված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ կնիքի դրոշմով:

Տաթև Հարությունյան




Լրահոս