ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ
Ամանորին ընդառաջ` պետք է սահմանված կարգով ապահովել բացօթյա առեւտրի կազմակերպումը, ինչպես նաեւ հետեւողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առեւտուրը կանխելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարելով նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի իրականացնել եղեւնիների եւ սոճիների բացօթյա վաճառք:

«ԴՈՒԽԸ» ՉԻ՞ ՀԵՐԻՔՈՒՄ
Երեւանի Աբովյան փողոցի ամենաբարետես հատվածներից մեկը`«Փարիզյան սուրճ» սրճարանի` մայթին գտնվող բացօթյա մասն ապամոնտաժվել է: «Դեռեւս շաբաթ օրը եկել էին թաղապետարանի աշխատակիցները եւ ասացին, որ պետք է ապամոնտաժենք սրճարանը` քաղաքապետի որոշման համաձայն»,-NEWS.am-ին ասել է «Փարիզյան սուրճ» սրճարանի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը: Տարօրինակ է, որ Տարոն Մարգարյանն Աբովյան փողոցի մայթերը վերադարձնելը սկսում է այդ փողոցի միակ գեղեցիկ հատվածի ոչնչացմամբ, փոխանակ ապամոնտաժեր հարեւանությամբ գտնվող զզվելի ապակեպատ խանութները:

ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԷ     
ԵԱՀԿ տարածքում կան երկրներ, որտեղ իրավիճակը լրատվամիջոցների ազատության առումով այնքան էլ լավ չէ, արձանագրվել են ճնշումներ լրատվամիջոցների վրա, լրագրողների ձերբակալություններ եւ այլն: Այդ մասին դեկտեմբերի 5-ին կայացած «Լրագրողների անվտանգության ձեռնարկի մասին» շնորհանդեսին հայտարարել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

ԹՄՐԱՄՈԼ ԵՆ
armlur.am-ի հաղորդմամբ` «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանից եւ նրա ընկեր Ասատուր Առուստամյանից նարկոդիսպանսերում վերցված մազի եւ մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք իսկապես թմրադեղ են օգտագործել: armlur.am-ի այս տեղեկությունը հաստատել են  նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տուգանել է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով` «Ալա բալա նիցա» ֆիլմը գովազդելու ընթացքում օրենքով սահմանված տեւողությունը խախտելու համար:  Ինչպես «Առավոտ»-ին  տեղեկացրել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը` գերազանցվել է 1 ժամվա համար սահմանված 14 րոպե ժամանակահատվածը:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 4-ի երեկոյան Մոսկվայի Վերխնիյե Պոլյա փողոցում գտնվող շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է «Սպեցմոստոտրեստ» ընկերության փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դին` որովայնի շրջանում հասցված հրազենային վանսվածքով: Ըստ Ավագյանցի կնոջ` ամուսինը վերջերս հաճախ է խոսել ինքնասպան լինելու մասին:




Լրահոս