«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ, որտեղից պատրաստվում են շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, այս պահին ակցիայի մասնակիցները առայժմ սակավաթիվ են:
Ուղիղ միացումը՝ 1in.am -ի
19:28: «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին:
Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը իր ելույթում հայտարարեց, որ մարդիկ շատ լավ կազմակերպվում են և կարողանում են բարձրացնել իրենց բողոքի ձայնը:
«Մենք 19:30-ին, երբ բոլորս կհավաքվենք, այստեղից կհղենք մեր պահանջը»,- ասաց Մանուկյանը, ապա հիշեցրեց, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում. «Սադրող խմբերի սադրանքներին որևէ մեկը թող չենթարկվի: Օրենքից դուրս ոչինչ չի լինելու: Մեր հանրությանն էլ կոչ եմ անում ցուցաբերել մաքսիմալ սառնասրտություն»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ իրավապահ մարմիններն էլ նախագահի նստավայրի մայթեզրին պատ են կազմել:
19:37: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին տեղեկացրեց, որ այս հավաքը արտոնված հավաք չէ:
«Այնպես արեք, որ մյուս անգամ նման բան չլինի ու սա սովորություն չդառնա: Իրավապահները չպետք է ակցիայի մասին տեղեկանան կայքերից ու լրատվամիջոցներից: Չպետք է այլ քաղաքացիների ազատությունը սահմանափակել: Մենք կանգնած ենք ձեր կողքին, տեսնում ենք ձեր հայացքները»,- ասաց Օսիպյանը` հավելելով, որ եթե սադրիչ լինի, իրենք կհեռացնեն անմիջապես:
Մինչ Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հիշեցնում է չարտոնված լինելը, ակցիայի մասնակիցներն աստիճանաբար ավելանում են:
19:52: ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կարծես թե իրավիճակը դառնում է լարված: Խցանումներ են առաջացել նախագահականի դիմացի մայթեզրում, որն ամբողջությամբ պատի տեսքով փակել են իրավապահները:
«Մենք նախագահից պահանջում ենք չեղյալ համարել այս օրենքի կիրառումը և հետ վերադարձնել մարդկանց գումարները»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Նախաձեռնության անդամները մի քանի անգամ հայտարարեցին մեկ այլ երթևեկելի հատված տրամադրելու մասին:
20:15: ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահականի դիմաց մոտեցել է նախաձեռնության անդամներին ու հայտարարել, որ ինքն առաջին քայլն արել է՝ ապօրինի քայլ չի արվի: Ինքը պատրաստ է երկխոսելու նախաձեռնության անդամների հետ: «Ինձ հետ ուլտիմատումներով մի խոսեք»,- ասաց Աբրահամյանը, երբ որոշ պահանջներ դրեցին վարչապետի առաջ: Նա առաջարկեց վաղը մի քանի անդամներով երկխոսել իրենց հետ:
«Չի կարելի ՍԴ-ի որոշումը քննարկել,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ իրենք նոր մշակվող օրենքի նախագիծը կարող են քննարկել վարչապետի հետ, բայց ոչ երբեք ՍԴ-ի որոշումը:
20:35:
Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ասաց, որ ինքը նրանցից մեկն է և ցանկանում է հարցը տանել կառավարություն:
«Մեզ ժամանակ է պետք, որ ձեր հարցերին պատասխանենք: Հավատացեք, որ մենք քայլեր անելու ենք»,- ասաց Աբրահամյանը, ապա անդամներին վաղը հրավիրեց քննարկման:
Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ իրենք կերկխոսեն միայն մշակվող օրենքի շուրջ, եթե իրենց առաջարկած կետերը փոփոխության ենթարկվեն` մասնավորապես էլեկտրոնային հաշվետվության ձևը փոխելն ու մարդկանցից ապօրինի գանձումներ չանել:
Նախաձեռնության անդամները հիմա երթով շարժվում են Ազատության հրապարակ:
21:25: «Մենք չէինք հավաքվել, որ հանդիպեինք վարչապետի հետ: Մենք հստակ վեկտորն ուղղելու ենք նախագահին, քանի որ Սահմանադրությունն ու ՍԴ-ի որոշումը, բնականաբար մենք դիմելու ենք նախագահին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամը:
Դավիթ Մանուկյանի խոսքով` ժամանակը ցույց կտա`կառավարությունը խելամիտ է, թե ոչ: Եթե կլուծեն մեր բարձրացրած խնդիրները, շատ լավ: Դրանից հետո միայն կենսաթոշակի օրենքի հետ կապված նոր մշակվող օրենքի շուրջ իրենք կերխոսեն կառավարության հետ: