«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 19:30-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել Սեւանի ափին գտնվող «Օրսետտո» հյուրանոցա-ռեստորանային համալիրում, որտեղ կրակոցներ են հնչել: Պարզվում է` հաշտեցնողներից մեկը տուժել է, սակայն հիվանդանոց չի գնացել:
«Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդին` Հրաչյա Անտոնյանն էլ է ներկա գտնվել այդ վիճաբանությանը «բաժանարարի» կարգավիճակով:
Մեր տեղեկություններով` վիճաբանությունը տեղի է ունեցել մոտ 40-ամյա Արա Սմբատյանի եւ Ռազմիկ Մելոյանի միջեւ: Նշենք, որ նրանք դասընկերներ են: Ռազմիկ Մելոյանը Ռուսաստանի Դաշնությունից է եկել Սեւան եւ տեսնելով իր մանկության ընկերոջը` առաջարկել է այդ հանդիպումը նշել: Դեկտեմբերի 4-ին նախկին դասընկերները հանդիպել են «Օրսետտո» հյուրանոցա-ռեստորանային համալիրում, կերել-խմել, ուրախացել, հիշել անցած-գնացած օրերը, այնուհետեւ, երբ ըստ ամենայնի, արդեն հասել են «կոնդիցիային», դուրս են եկել ու սկսել անհայտ անձնական թեմայի շուրջ վիճաբանել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ:
Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ Ռազմիկը վիճաբանության հաջորդ օրը Հայաստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռազմիկն արդեն տեղյակ է, որ ոստիկանությունն իրեն է փնտրում եւ համաձայնել է վերադառնալ Հայաստան` քննությանը ներկա գտնվելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդուն` 25-ամյա Հրաչյա Անտոնյանին, ապա ըստ մեզ հասած տեղեկությունների` նա պատահաբար է հայտնվել վիճաբանության կիզակետում: Հրաչյա Անտոնյանը ցանկացել է Արային եւ Ռազմիկին հաշտեցնել, սակայն նրա վրա պատահաբար կրակել են: Պարզվում է` Հրաչյան հիվանդանոց չի դիմել: Ըստ ամենայնի, երիտասարդը լուրջ վնասվածք չի ստացել: Համաձայն մեր տեղեկությունների` զենքը եղել է Արա Սմբատյանինը, ով Սեւան քաղաքում հացի փուռ ունի: Տեղեկացանք նաեւ, որ Հրաչյան դեռեւս ուսանող է եւ զուգահեռաբար աշխատում է ՀՀ վարչական դատարանում` որպես գործավար:
Վիճաբանության հետ կապված մեր տեղեկատվությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 21-ին, ոստիկանության Սեւանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը` ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, Սեւանի քաղաքային լողափի հարեւանությամբ գտնվող «Օրսետտո» ռեստորանում Սեւան քաղաքի բնակիչներ Արա Սմբատյանի եւ Ռազմիկ Մելոյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 19:30-ի սահմաններում, «Օրսետտո» հյուրանոցա-ռեստորանային համալիրի մենատներից մեկի դիմաց վիճաբանություն եւ կռիվ է տեղի ունեցել Արա Սմբատյանի եւ Մելոյանի միջեւ, ծեծկռտուքին ներկա են եղել նրանց ընկերները: Այդ ընթացքում Արա Սմբատյանն իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակից կրակել եւ վնասվածք է պատճառել Հրաչյա Անտոնյանին:
Տեղեկացանք նաեւ, որ Անտոնյանից ընդունվել է հաղորդում. տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Արա Սմբատյանին, Ռազմիկ Մելոյանին, ինչպես նաեւ միջադեպին մասնակից անձանց գտնելու, դեպքի հանգամանքները պարզելու եւ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
ԴԱՏԱՎՈՐԻ ՏՂԱՅԻ ՈՏՔԸ ՎՆԱՍՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ