«Իմ կարգավիճակն ինձ ամբողջովին բավարարում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  նշեց, որ վարչապետ չեն ծնվում, այլ դառնում են: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր փորձառության  շնորհիվ կկարողանա ավելի շուտ ինտեգրվել գործադիրի աշխատանքներին:

-Պարոն Նիկոյան, այժմ քննարկվում է, թե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու:

Հավանական թեկնածուները համարվում են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը: Դուք այս հարցը քննարկե՞լ եք ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ: Ի՞նչ որոշում ունեք:

-Այդ հարցադրումը ե՛ւ գործադիր մարմնի,  ե՛ւ խորհրդի նիստի ժամանակ հնչել է: Պատասխանը եղել է հետևյալը. մենք դեռ ժամանակ ունենք և ընթացքում այդ խնդիրը մանրամասներով կքննարկենք ե՛ւ գործադիր մարմնում, ե՛ւ խորհրդում: Այնպես որ, սա վերջնական ու պաշտոնական պատասխան է, այլ քննարկման մասին ես որևէ տեղեկություն չունեմ:

-Խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանին հնարավոր է` Դուք փոխարինեք:

-Ճիշտ կլինի՝ մի 18 օր սպասեք, որից հետո ամեն ինչ պարզ կլինի ու դուք տեղյակ կլինեք, թե ով է նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

-Իսկ եթե Ձեզ առաջարկվի այդ պաշտոնը,   Դուք կհամաձայնվե՞ք կրկին լինել ԱԺ նախագահ:

-Դուք արդեն հարցադրումը ճիշտ չեք անում, ձեր հարցադրման մեջ պրովոկացիոն մասկա: Ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ. իմ կարգավիճակն ինձ ամբողջովին բավարարում է:

-Եթե անգամ Ձեր կուսակցությունն առաջարկի կրկին լինել ԱԺ նախագահ Դուք կհրաժարվե՞ք:

-Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի:

-Իմ հարցը հետևյալն է. Դուք հրաժարվելո՞ւ եք  ԱԺ նախագահի պաշտոնից, եթե առաջարկ ստանաք:

-Ես պատասխանեցի:

-Իսկ ո՞վ է փոխարինելու ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանին:

-Դեռ քննարկում չի եղել, բայց մենք ցուցակով ունենք Լեռնիկ Ալեքսանյան, ով պետք է գա ԱԺ ու ես շատ ուրախ կլինեմ իր համար:

-Ըստ Ձեզ` Հ. Աբրահամյանն ինչպիսի՞ վարչապետ կլինի:

-Որևիցե անձի գնահատական տալուց առաջ նախ՝ պետք է սպասել և ապա միայն գնահատել, ըստ աշխատանքների: Որևիցե մեկը չի ծնվում պատրաստի վարչապետ: Վարչապետ դառնում են: Հույս ունեմ, որ այն փորձառությունը, որն ունի Հովիկ Աբրահամյանը, կօգնի իրեն, որ ինքը շատ շուտ կարողանա դրական արդյունքներ գրանցել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս