Երեկ կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան, որին մասնակցում էին Դալմայի այգու համար պայքարող բնապահպաններն ու հանուն պետական կարիքների իրենց բնակարանները կորցրած քաղաքացիները, «Բանակն իրականում» նախաձեռնությունը, ինչպես նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Այս անգամ բողոքի ակցիան այլ ընթացք ստացավ: Զոհված զինծառայողներից մեկի մայրն ուշագնաց եղավ:
2007թ. Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում հոսանքահարված եւ զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սիմոնյանը, մոտեցավ պաշտպանության նախարարին` պարզաբանում ստանալու, թե ինչու չի բացահայտվում իր տղայի սպանությունը: Գ.Սիմոնյանը հայտարարեց, որ օրեր առաջ ստացել է որդու մահվան փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` իր որդին չէր կարող էլեկտրահարվել, քանի որ տվյալ տարածքում հոսանք չի եղել: Նա ասաց նաեւ, որ գազանաբար քաշել-հանել են որդու եղունգները: «5 տարի է` պնդում եմ, որ իմ տղան ոչ թե էլեկտրահարվել է, այլ սպանվել, բայց միայն 5 տարի անց հետաքննությունը հաստատեց սպանության լուրը»,-նախարարին հիշեցրեց որդեկորույս մայրը: Նախարարն էլ խոստացավ մեկ անգամ եւս վերանայել գործը եւ անպայման մոտ օրերս ընդունել Տիգրան Օհանջանյանի ծնողներին: Նշենք, որ Տիգրանի ծնողներն արդեն մի քանի տարի պայքարում են` ապացուցելու համար, որ իրենց որդին ոչ թե էլեկտրահարվել է, այլ դիտավորյալ սպանվել:
Պաշտպանության նախարարի հեռանալուց հետո բորբոքված տիկինը շարունակեց շփվել լրագրողների հետ: «Ես Սեյրան Օհանյանին չեմ մեղադրում, այն ժամանակ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, Սեյրան Օհանյանը մեզ բազմաթիվ անգամներ ընդունել է, լսել, հանդիպել ենք բոլոր պատկան մարմինների հետ, իսկ հիմա պիտի նախարարի մոտ հարցնենք նրանց, թե այդ ինչպես եղավ, որ գործն էլեկտրահարվելու եզրակացությամբ փակել եք, բայց հիմա պարզվում է, որ իմ տղան չի հոսանքահարվել»,-հուզված ասաց Տ.Օհանջանյանի մայրը եւ դեռ խոսքը չավարտած` ուշագնաց եղավ: Հերթապահություն կատարող ոստիկանները կառավարության շենքից աթոռ ու ջուր բերեցին, հետո զանգահարեցին շտապօգնություն: Մինչ շտապօգնությունը տեղ կհասներ, ոստիկանները տիկին Գոհարին առաջարկեցին կառավարության շենք մտնել, սակայն նա հրաժարվեց: Շտապօգնությունը ժամանեց մոտ 20 րոպե ուշացումով եւ տեղում առաջին օգնություն ցույց տվեց զոհված զինծառայողի մորը:
Լրագրողների խնդրանքով 15 րոպե անց շտապօգնության ծառայության բժիշկ Արուսիկ Տեր-Ստեփանյանը հայտնեց, որ տիկնոջ մոտ արձանագրվել է ճնշման կտրուկ աճ, սակայն վիճակն արդեն կայունանում է, եւ հոսպիտալացնելու անհրաժեշտություն չկա. «Նրա մոտ ճնշման բարձրացում է եղել` հիպերտոնիկ կրիզի մեջ էր»:
Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ փորձաքննության արդյունքներից հետո քննչական մարմինները փորձում են կոծկել իրենց տղայի մահվան հանգամանքները: Նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, իրեն խոստացել են, որ ամեն ինչ կանեն իր տղայի սպանության գործը բացահայտելու ուղղությամբ, սակայն ոչինչ չեն արել:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում: Նախնական պաշտոնական վարկածով` Տիգրան Օհանջանյանն էլեկտրահարվել է: Նրա հարազատներն այս վարկածին չեն հավատում եւ համոզված են, որ իրենց որդին սպանվել է:
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ