ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե հեռուստամարաթոն 2011-ի շրջանակներում Արցախի համար կազմակերպված դրամահավաքին ինչո՞ւ ավելի քիչ գումար հավաքվեց, քան նախորդ տարիներին:

Վարդուհի Պապյան, 55 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գումարը քիչ չի հավաքվել, հակառակը, շատ է հավաքվել: Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ հեռուստամարաթոնը կարելի է բաժանել 2 մասի, այսինքն` սփյուռքի մասնակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության: Ռուսաստանի Դաշնության կողմից դեռեւս չի հավաքագրվել, բայց հավաքագրումը դեռ ընթանում է: Հետեւաբար սա է պատճառը, որ մարդիկ այդպես են մտածում, թե այս տարի քիչ է հավաքվել: Մենք մանրամասնորեն հետեւում, գրանցում ենք, եւ պետք է հաստատ ասեմ, որ այս տարին ավելի հաջող է եղել: Մասնակցել են նաեւ մեծ քանակությամբ երիտասարդներ, որն ինքնին շատ հաճելի եւ խոստումնալից զարգացում է: Բավականին շատ անհատ ու մանր ձեռներեցներ են մասնակցել դրամահավաքին, որը նույնպես շատ ողջունելի է, քանի որ այս պահի դրությամբ նման մարդկանց մասնակցությունը եւ նրանց թվի շատացումը խոսում է սփյուռքահայերի ավելի լայն շրջանակների ընդգրկման մասին, որը եւս շատ դրական է: Ռուսաստանի կողմից դրամահավաքի արդյունքները քիչ, թե շատ պարզ կլինեն դեկտեմբերի վերջերին:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ ԼՂՀ  նախագահի մամլո խոսնակը ե՛ւ հաստատում է, որ դրամահավաքը դեռ շարունակվելու է, եւ չգիտես որտեղից վստահություն հայտնում, թե ավելի շատ գումար է հավաքվելու, քան նախորդ տարի: Դավիթ Բաբայանի լավատեսությունը, իհարկե, գովելի  է, բայց հետաքրքիր է նաեւ, թե որտեղից է գալիս այն, եւ արդյոք ինչ-որ մարդկանց կողմից խոշոր նվիրատվությունների խոստումներ են եղել, որոնց հասարակությունը դեռեւս տեղյակ չէ:




Լրահոս