Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։
ՆԳՆ-ից արձագանքել են տեսանյութին՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարաված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել էր ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:























