«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագրերը, վերլուծել է ներկայացված տվյալները և առանձնացրել հիմնական փաստերը։
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հակոբյանը ունի 2 միավոր անշարժ գույք՝ Երևանում գտնվող բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի հուլիսի 28-ին՝ համատեղ սեփականությամբ։ Նա նաև ունի 2018 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա՝ որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։


Հայտարարագրից պարզ է դառնում, որ նա փոխառություններ է տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին՝ 16 մլն 560 հազար դրամ, ինչպես նաև ունեցել է վերադարձված փոխառություն՝ 4 մլն 341 հազար 643 դրամի չափով։

Բանկային հաշիվներում Հակոբյանը ունեցել է 2 մլն 455 հազար 979 դրամ և 5 մլն 266 հազար 666 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23 մլն 361 հազար 229 դրամ։ Դրանից 3 մլն 997 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, 3 մլն 353 հազար դրամը՝ աշխատավարձ ՊԵԿ-ից, իսկ 15 մլն 915 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձ։ Նա նաև ստացել է ապահովագրական հատուցում «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից։ Միևնույն ժամանակ, Հակոբյանի վարկային պարտավորությունները տարեվերջին կազմել են 40 մլն 149 հազար դրամ, իսկ միայն վարկի մարման ուղղությամբ վճարել է 5 մլն 449 հազար դրամ։



«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ 2023 թվականին, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, նրա բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 310 հազար դրամ, կանխիկ՝ 4 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 987 հազար դրամ։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 41 մլն դրամ, իսկ վարկի մարման համար վճարել է շուրջ 5 մլն 452 հազար դրամ։

ArmLur.am-ը պարզեց նաև, որ նա մասնակցություն ունի «Էջմիածնի սարքաշինական գործարան» ՓԲԸ-ում՝ 5 տոկոս բաժնեմասով։

Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև Հակոբյանի կնոջ՝ Անուշ Միքայելյանի հայտարարագիրը։ Վերջինս 2024 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության MAZDA ավտոմեքենա՝ 6 մլն դրամով, իսկ իր 2012 թվականի TOYOTA-ն վաճառել է 4 մլն դրամով։ Նա ունի նաև բաժնետոմս՝ 1 մլն 97 հազար դրամ արժողությամբ, որը ստացել է ժառանգությամբ։ Բանկային ավանդները կազմել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար դոլար, իսկ բանկային հաշիվներում ունեցել է տարբեր արժույթներով միջոցներ՝ շուրջ 2 մլն 640 հազար դրամ, ինչպես նաև փոքր չափերի դոլար և եվրո մնացորդներ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայելյանի տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 225 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «Հայկական ծրագրեր» ընկերությունից՝ ավելի քան 13 մլն դրամ, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանից՝ շուրջ 804 հազար դրամ։ Բացի այդ, ստացել է շահաբաժին՝ 1 մլն 154 հազար դրամ, նվիրատվություններ՝ ընդհանուր 1 մլն 225 հազար դրամ, ապահովագրական հատուցում, գույքի վաճառքից եկամուտ՝ 4 մլն դրամ, ինչպես նաև բանկային տոկոսներ և եկամտային հարկի վերադարձ։ Նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 28 մլն 927 հազար դրամ, իսկ վարկի մարման ուղղությամբ վճարել է ավելի քան 2 մլն 563 հազար դրամ։ Նա նաև իրականացրել է 6 մլն դրամի միանվագ խոշոր ծախս։






![]()
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:





























