ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտնի երգիչ Գրիգորի Եսայանի՝ 0,24 գրամ թմրանյութի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկել դատարան։
Ստացվում է՝ հայտնի երգիչը դատվում է, իսկ նույն քաշի թմրանյութի պատմության մեջ հիշատակված ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գործը վերաբացման չի արժանանում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գրիգորի Ռոբերտի Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «չունենալով … թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և փոխադրելու թույլտվություն», ապօրինի ձեռք է բերել և իր «Այֆոն 15» հեռախոսի պատյանի մեջ պահել «0.24 գրամ քաշով 4-CMC տեսակի թմրամիջոց»։ Ըստ վարույթի նյութերի՝ նա 2025 թվականի օգոստոսի 8-ին Սոչի-Երևան FV6933 չվերթով փորձել է այն «մաքսանենգությամբ … տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով», սակայն հանցանքը մինչև վերջ չի հասցրել, քանի որ «այն մոռացել և թողել է ինքնաթիռի՝ իրեն հատկացված նստատեղի կողքի դարակում», որտեղից էլ այն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Գրիգորի Եսայանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է գրավ, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ «բացակայելու արգելքը»։
Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է մեկ այլ պատմություն։ Մարտի 5-ին կառավարության ճեպազրույցում մեր լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել, թե ինչու չի վերաբացվում 2017 թվականի այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում էր ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Ըստ այդ տեղեկությունների, 2017-ին հայտնաբերվել էր «0.24 մգ թմրանյութ», ինչից հետո Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել էր։
«Ժողովուրդ» օրաթերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել այդ գործը և արդյոք եղել են «իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ»։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։ Արդյունքում, սակայն, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է ArmLur.am-ին, որ «գործը չի վերաբացվի»։
Այսպիսով, ստացվում է ակնհայտ հակադրություն․ 0,24 գրամ թմրանյութի համար երգիչը հասնում է դատարան, իսկ իշխանական պատգամավորի հետ կապված նույնաբնույթ թմրանյութի պատմությունը մնում է փակված։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























