Armenian text to speach

20 մլն դրամ պետբյուջեից՝ Քաղաքացու օրվա կազմակերպման համար․ ովքեր են երգելու և ինչ միջոցառումներ են նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ անդամները սոցիալական հարթակներում  արդեն մի քանի օր է ակտիվորեն գովազդում են Քաղաքացու օրվա միջոցառումները։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը, որի համար իշխանությունները պետական բյուջեից տրամադրել են 20 միլիոն 422 հազար 223 դրամ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Նշենք, որ այս գումարը տրամադրվել է ընդամենը երկու կապալառուների՝ «Ստեփան Կույումջյան Միհրանի» և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» անհատ ձեռնարկատերերին։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ երկու անհատ ձեռնարկատերերն էլ, որոնց հետ պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմը, ակտիվորեն մասնակցում են պետգնումներին։ Ինչ վերաբերում է Վահրամ Թոքմաջյանին, ապա վերջինս պատմաբան է, որն աշխատել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և դասավանդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաներին՝ Մարիամին և Աշոտին։ Նշվում է նաև, որ այդ օրը ելույթ է ունենալու Փաշինյանի «Վարչաբենդը»։

«Voice of peace» ինստագրամյան էջը հայտնել է, որ համերգի շրջանակում ելույթ են ունենալու միջազգային և հայ հայտնի արտիստներ՝ Willy William, Imany, Outlandish, In-Grid և Իվետա Մուկուչյան։ Ըստ նույն էջի հրապարակման՝ համերգի կարգախոսն է «Խաղաղության ձայնը» մեգաերաժշտական փառատոն։

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հայտարարությունը և ներկայացնում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրվա շրջանակում։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Քաղաքացու օրը, որը 2026 թվականին կնշվի ապրիլի 25-ին։ Այսինքն՝ Քաղաքացու օրը շարժական տոն է։ Ըստ նախարարության՝ այս տարի միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով և կընդգրկեն հանրապետության շուրջ 100 բնակավայր։

ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ միջոցառումները կազմակերպվելու են երեք հիմնական ուղղությամբ՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Կրթական բաղադրիչի շրջանակում հանրապետության բոլոր դպրոցներում արդեն իսկ իրականացվում են ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» թեմայով։ Աշակերտները ուսումնասիրում են իրենց համայնքների խնդիրները և առաջարկում լուծումներ։ Նախագծերը կամփոփվեն ապրիլի 20-ին, իսկ պատրաստված մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութերը Քաղաքացու օրը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում։

Երիտասարդական ուղղությամբ նախատեսվում են բանախոսություններ՝ նվիրված պետության, քաղաքացիական ինստիտուտների, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ ArmLur.am-ը պարզեց, որ քննարկումները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջաններում և մարզերի մի շարք բնակավայրերում՝ ընդհանուր շուրջ 100 համայնքում։ Բանախոսները կլինեն պետական պաշտոնյաներ, հանրային գործիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ։

Մշակութային հատվածում նախատեսված են համերգային միջոցառումներ՝ մասնավորապես Մարալիկ և Վարդենիս քաղաքներում։

Այսպիսով, պետական բյուջեից ավելի քան 20 մլն դրամի ծախսով Քաղաքացու օրվա միջոցառումները այս տարի կունենան լայն ընդգրկում՝ կրթական ծրագրերից մինչև միջազգային աստղերի մասնակցությամբ համերգներ։

 

Ս․ Գրիգորյան

 




Մամուլի Տեսություն

Լրահոս