Չինաստանը և Վրաստանը համաձայնության են եկել արդիականացնել երկու երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը, որը ուժի մեջ է արդեն ութ տարի։
Համապատասխան հուշագիրը ապրիլի 22-ին Պեկինում ստորագրել են Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագրի նորացված տարբերակը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։
Ինչ է փոխվել համաձայնագրում
Չինական կողմի տվյալներով՝ նոր տարբերակում ավելացվել են երկու նոր բաժիններ՝ ներդրումների և էլեկտրոնային առևտրի վերաբերյալ։
Բացի այդ, վերանայվել են նաև՝
- սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերին վերաբերող դրույթները,
- տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ գլուխները։
Ներդրումների ոլորտում կողմերը պայմանավորվել են ապահովել ավելի մեծ թափանցիկություն և պարզեցնել ներդրումների հաստատման գործընթացները։
Էլեկտրոնային առևտրի շրջանակում նախատեսվում է ժամանակավորապես հրաժարվել թվային գործարքների մաքսատուրքերից, ինչպես նաև ապահովել սպառողների իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությունը։
Միաժամանակ, թարմացված նորմերը նպատակ ունեն նվազեցնել ավելորդ սահմանափակումները և արագացնել գյուղատնտեսական արտադրանքի որակի շուրջ առաջացող վեճերի լուծումը։
Ինչու է սա կարևոր
Չինաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարին։ Այն Չինաստանի առաջին նմանատիպ համաձայնագիրն էր «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նաև առաջինը Եվրասիական տարածաշրջանի որևէ երկրի հետ։
Համաձայնագրի գործողության ընթացքում երկկողմ առևտուրը զգալի աճ է գրանցել։ 2025 թվականի արդյունքներով այն հասել է մոտ 2.7 միլիարդ դոլարի՝ 2017 թվականի համեմատ աճելով շուրջ 175 տոկոսով։
Վրաստանից Չինաստան ակտիվորեն արտահանվում են գինի, սուրճ և հանքային ջուր, իսկ Չինաստանից Վրաստան՝ էլեկտրոնիկա և թվային ծառայություններ։
Համաձայնագրի արդիականացման շուրջ բանակցությունները սկսվել էին 2025 թվականի հուլիսին։ Կողմերը անցկացրել են երկու փուլ բանակցություններ։
2025 թվականի նոյեմբերին Շանհայում բանակցությունների ավարտի մասին հուշագիրը ստորագրվել էր Չինաստանի վարչապետ Լի Ցյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ։
Նորացված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կողմերի ներքին վավերացման գործընթացների ավարտից հետո, իսկ վերջնական ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։
Անի Վարդանյան





























