Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արևային էներգիայով լիցքավորվող, մինչև 15 տարվա ծառայության հնարավորությամբ շարժական էներգակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 կիլովատ ժամ հզորություն, 16 կիլոգրամ քաշ և մինչև 15 տարվա ծառայության հնարավորություն․ սա արդեն սովորական փաուերբանկ չէ։

«Anker»-ը ներկայացրել է Solix S2000 շարժական էներգակայանը, որը նախատեսված է ինչպես տնային պահուստային էներգամատակարարման, այնպես էլ շարժական օգտագործման համար։ Այն կարող է միաժամանակ սնուցել կենցաղային տեխնիկա, լիցքավորել սարքեր և հանդես գալ որպես հոսանքի աղբյուր՝ արտակարգ իրավիճակներում։

Պատկերացրեք՝ հոսանք չկա, սակայն սառնարանը շարունակում է աշխատել, նոթբուքը չի անջատվում, իսկ ինտերնետը հասանելի է մնում։ Կամ էլ ճանապարհորդության ժամանակ ձեզ հետ ունեք բառացիորեն «մինի էլեկտրակայան»։

Սարքն ունի մոտ 2010 Վտժ տարողությամբ LiFePO4 մարտկոց, մինչև 3 կիլովատ պիկային հզորություն, հինգ AC վարդակ, արագ USB-C պորտեր և արևային վահանակներից լիցքավորվելու հնարավորություն։

Արտադրողի տվյալներով՝ սպասման ռեժիմում էներգասպառումը նվազագույն է, իսկ մարտկոցը նախատեսված է մինչև 10,000 լիցքավորման ցիկլի համար, ինչը համարժեք է մոտ 15 տարվա օգտագործման։

Վաճառքը կմեկնարկի հունիսի 2-ից։ ԱՄՆ-ում նախնական պատվերի գինը 600 դոլար է, իսկ հետո՝ 1200 դոլար։

Այսպիսով՝ շարժական էներգակայանները արդեն մոտենում են այն մակարդակին, երբ կարող են փոխարինել ավանդական պահուստային հոսանքի լուծումներին։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս