«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով իրավապահ մարմինները կազմել են քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն, որը, ըստ ընթացակարգի, ուղարկվել է հսկող դատախազին՝ օրինականության հաստատման նպատակով։
Նշված որոշումը գործնականում նշանակում է, որ քննիչի գնահատմամբ տվյալ պահին «հանցակազմի հատկանիշներ չեն արձանագրվել», և նախաձեռնված քրեական վարույթ չի սկսվել։
Հարցի քաղաքական և հանրային հնչեղությունը պայմանավորված է նաև վերջին շրջանի քարոզարշավային միջավայրում հնչած հայտարարություններով, որոնք դարձել են իրավական գնահատականի և խոսքի ազատության սահմանների քննարկման առարկա։
Ըստ հրապարակային ելույթների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում մի քանի դրվագներում կիրառել է կոշտ ձևակերպումներ՝ ուղղված տարբեր քաղաքական գործիչների։ Մասնավորապես՝ «սատկացնելու, կզացնելու, չոքացնելու» ձևակերպումները, որոնք հնչել են տարբեր հասցեատերերի վերաբերյալ, դարձել են իրավական գնահատման հիմք՝ հնարավոր քրեական բնույթի սպառնալիքների և խոսքի սահմանների համատեքստում։
Հաղորդման նախաձեռնող կողմը, հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածին, պնդել է, որ առկա են «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի» առերևույթ տարրեր, եթե այդ խոսքը ընկալվում է որպես իրական վտանգ պարունակող։
Միևնույն ժամանակ բարձրացվել է նաև 329-րդ հոդվածի շրջանակում գնահատման հարցը՝ կապված «ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի հրահրման» հնարավոր դրսևորումների հետ։
Փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ «առկա է տարբեր շարժառիթներով պայմանավորված հրապարակային խոսք, որը պարունակում է ֆիզիկական հաշվեհարդարի ենթատեքստ ունեցող ձևակերպումներ», իսկ որոշ դրվագներում՝ նաև «թիրախավորում՝ կապված ազգային կամ սոցիալական հանգամանքների հետ»։
Նա նաև նշել է, որ նման խոսքը հնչել է հանրային միջավայրում, զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ և լայն հանրային հասանելիության պայմաններում, ինչը, ըստ նրա, ուժեղացնում է իրավական գնահատման անհրաժեշտությունը։
Սակայն ՀՀ Քննչական կոմիտեի արձանագրած դիրքորոշմամբ՝ տվյալ հաղորդումը «հանցագործության հատկանիշներ չի պարունակում», ինչի արդյունքում վարույթ չի նախաձեռնվել։
Նաև որոշման օրինականության պատասխանատու դատախազությունն է հաստատել Կոմիտեի կարծիքը․ Փաշինյանի խոսքերը հանցակազմ չեն պարունակում։
Մինչդեռ ցանկացած այլ ոք, եթե նման խոսույթով հանդես գա, անմիջապես կալանավայրում կհայտնվի։






























