Սերժ Սարգսյանի տված «մկնդեղը» «հրաշալի» ազդում է «քառյակի» վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ իշխող Հանրապետական կուսակցությանը անհրաժեշտ է լինում խորհրդարանում մեծ թվով ձայներ ապահովել, օգնության են հասնում «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Եվ ԱԺ նախագահի ընտրությունը չէր կարող բացառություն լինել:

Եվ այսպես, Գալուստ Սահակյանը, ինչպես հայտնի է, 101 ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց հենց ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի աջակցությամբ: Երկու ուժերի, որոնցից մեկն իրեն պատռում է, թե գերընդդիմադիր է, իսկ մյուս քաղաքական միավորն իրեն այլընտրանք է հռչակել՝  դարձյալ դեմ գնալով իշխող ՀՀԿ-ի բռնած «քաղաքական գծին»:

Եվ որպեսզի ԲՀԿ-ն ազատվի այս խայտառակությունից, այսօր առավոտից տարբեր ԲՀԿ-ական երիտասարդներ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը) վարժ առոգանությամբ հարցազրույցներ են տալիս, թե իրենք չէին կարող ընտրել Գալուստ Սահակյանին, այլ պարզապես ՀՀԿ-ն հերթական անգամ կեղծել է ընտրությունների արդյունքները:

Իհարկե, ՀՀԿ-ն սովոր է կեղծիքների, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Սակայն ԲՀԿ-ականների ազնվությանը դժվար է հավատալ, քանի որ որոշ ԲՀԿ-ականներ, օրինակ՝ պահելով իրենց սկզբունքայնությունը, այնուամենայնիվ, չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը:

Իսկ եթե Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը շատ էին ցանկանում ԱԺ նախագահ ընտրել Հրանտ Բագրատյանին, ինչպես պնդում են, ապա հանգիստ կարող էին իրենց գերժամանակակից հեռախոսներով նկարել ընտրության քվեաթերթիկը և ի ցույց աշխարհի ապացուցել, թե ինչ աստիճանի ազնիվ են: Այնպես, ինչպես սովորաբար անում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Ալիկ Արզումանյանը:

Իսկ եթե դա չի արվել, ինչքան էլ խոսեն երիտասարդները, նրանց ասածները գրոշի արժեք չունեն: Հիշո՞ւմ եք՝  նույնպիսի տհաճ իրավիճակ էր նաև ՀՀ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, երբ խորհրդարանական բոլոր ուժերը, անկախ իրենց դիրքորոշումից, կողմ քվեարկեցին Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:

Այսպիսով, ԱԺ նախագահի ընտրությունը ևս մեկ անգամ ցույց տվեց այն պարզ իրողությունը, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն կարող մինչև վերջ ընդդիմադիր լինել: Ու երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, քաղաքական շրջանակներում անմիջապես սկսեցին հումորներ շրջանառվել, թե «հրաշալի քառյակին» Սերժ Սարգսյանը «մկնդեղ» տվեց:

Ու ինչպես երևում է, «մկնդեղն» իր արդյունքները տալիս է. քառյակը կամաց-կամաց կորցնում է իր դերն ու նշանակությունը քաղաքական դաշտում՝ դառնալով ՀՀԿ-ի կցորդը:

Անի Ստեփանյան




Լրահոս