Armenian text to speach

ՖՈՏՈ․ Հայտնվել են ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրման լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետանոց համաձայնության հուշագրի ստորագրման լուսանկարները հրապարակվել են։ Իրանական պետական IRNA գործակալության տարածած կադրերում երևում է, թե ինչպես է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրում փաստաթուղթը, որի ներքևում առկա են ինչպես նրա, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունները։

CNN-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը փաստաթղթի թղթային տարբերակը ստորագրել է Ֆրանսիայի Վերսալի պալատում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այնուհետև ԱՄՆ կողմը ստորագրված փաստաթղթի լուսանկարն ուղարկել է Թեհրան, որտեղ այն ստորագրել է նաև Իրանի նախագահը։

Մոտ 800 բառից բաղկացած համաձայնության հուշագիրը նախատեսում է ընդլայնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը, վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով և սկսել բանակցություններ վերջնական համաձայնագրի շուրջ, որը պետք է կնքվի առաջիկա 60 օրերի ընթացքում։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստվում է թույլատրել Իրանի նավթի արտահանումը, փուլային կերպով վերացնել պատժամիջոցները, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների հետ ձևավորել Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման շուրջ 300 միլիարդ դոլարի հիմնադրամ։

Հուշագրով նախատեսվում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացում միջազգային առևտրային նավերի համար, ինչը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկաների համար։

Համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագրի պատճենն ուղարկվել է նաև Իսրայելին և կրկին քննադատել է Իսրայելի գործողությունները «Հեզբոլլահի» դեմ՝ նշելով, որ «նրանք կարող էին ավելի լավ վարվել»։

Հեղինակ ՝ Անի Վարդանյան




Լրահոս