Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Covid-19 համաճարակի չարաշահումների գործով աննախադեպ իրավիճակ է եղել։ Դատարան են հրավիրվել 38 վկաներ, որոնք այդ ժամանակ գտնվել են բուժման մեջ և հարցաքննվել։ Ասել է թե՝ դատարանն այսօր հարցաքննել է միանգամից 38 «պացիենտի», որոնցից յուրաքանչյուրի հարցաքննությունը տևել է մոտ 5 րոպե։
Միջնորդություն է ներկայացվելու դատարան հրավիրել նաև որպես վկա և հարցաքննել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն Կլինիկ»-ի տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել անհամապատասխանությունները։
2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Այս գործով դատարան է հրավիրվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և որպես վկա հարցաքննվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































