Պետեկամուտների կոմիտեն միացվեց ֆինանսների նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվեց ֆինանսների նախարարությանը, իսկ ճարտարապետության պետական կոմիտեն՝ քաղաքաշինության նախարարությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը, որոշում է կայացրել.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:   

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը նշանակվել էր ֆինանսների նախարար, իսկ ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 




Լրահոս