Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում միաժամանակ գտնվել են նախկին ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ, և հնարավոր է՝ նրանք հանդիպում են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող պատերազմը։
Ալիևը այս մասին ասել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նախապես տեղեկացված չեն եղել այդ հանդիպման մասին։
«Թռիչքների վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում, սակայն մենք այդ մասին որևէ ծանուցում չենք ստացել ո՛չ Գերմանիայից, ո՛չ Ռուսաստանից»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է առանց երկրի իշխանություններին տեղեկացնելու։
«Եթե այս հանդիպումը նպաստում է ուկրաինական-ռուսական պատերազմի ավարտին, մենք, իհարկե, ողջունում ենք դա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հայտնել է, որ լրատվական հրապարակումներից հետո հանձնարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը հետաքննություն անցկացնել, որի արդյունքում տեղեկությունը հաստատվել է։
Նրա խոսքով՝ հուլիսի 12-ին Բաքու են ժամանել նախկին գերմանացի պաշտոնյաներ Ռոնալդ Պոֆալան և Մաթիաս Պլատցեկը, որոնք Բեռլինից թռիչքով ժամանել են Ադրբեջան և հուլիսի 14-ին վերադարձել Գերմանիա։
Ռոնալդ Պոֆալան 2009-2013 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավարի և հատուկ հարցերով նախարարի պաշտոնները Անգելա Մերկելի կառավարությունում։ Ավելի ուշ նա ղեկավարել է գերմանա-ռուսական հարաբերությունների շուրջ գործող «Պետերբուրգյան երկխոսություն» ձևաչափը։
Մաթիաս Պլատցեկը եղել է Բրանդենբուրգի նախկին վարչապետը և երկար տարիներ կապված է եղել Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների զարգացման կողմնակիցների շրջանակների հետ։
Ալիևի խոսքով՝ նույն օրը՝ հուլիսի 12-ին, Բաքու են ժամանել նաև Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
Զուբկովը 2007-2008 թվականներին եղել է Ռուսաստանի վարչապետը, իսկ ներկայումս ղեկավարում է «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը։ Ֆադեևը 2019 թվականից ղեկավարում է Ռուսաստանի նախագահի խորհրդատվական մարմինը՝ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհուրդը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ տեղեկություն չունի Բաքվում հնարավոր հանդիպման մասին, սակայն նշել է, որ վերջին ամիսներին Գերմանիան փորձում է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել բանակցություններ։
«Այս պատերազմի ավարտը կախված է միայն Ռուսաստանի կառավարությունից և Ռուսաստանի նախագահից։ Բանակցություններ սկսելու որոշումը միայն նրանից է կախված»,- ասել է Մերցը՝ հավելելով, որ Պուտինը շարունակում է հրաժարվել դրանից։
Ալիևը կրկին հայտարարել է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։
«Մեր հիմնական նպատակը այս պատերազմի ավարտն է և տարածաշրջանում խաղաղության ապահովումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Անի Վարդանյան




























