«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալներ մատուցել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին՝ հաճախ առանց լայն քննարկումների կայացնելով անսպասելի կադրային որոշումներ: Հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։ Թեև իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր, որ այդ պաշտոնը ստանձնելու է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, սակայն կառավարության նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: Վարչապետը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին տեղեկացրել է, որ գործարանի նոր ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը:
Իսկ ով է Դավիթ Գևորգյանը
Նա ծնվել է 1991 թվականին: Իր քաղաքական պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հունիսի 8-ին՝ նշանակվելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Դրանից կարճ ժամանակ անց՝ 2018-2021 թվականներին, զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է վարչապետի օգնական:
Այս նշանակման ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նոր կառավարչի ունեցվածքի շարժը՝ 2021-ից մինչև 2025 թվականը հրապարակված հայտարարագրերի հիման վրա:
2021 թվականին, երբ Գևորգյանը դադարեցրեց Արագածոտնի մարզպետի լիազորությունները, նա սեփականության իրավունքով անշարժ գույք չէր հայտարարագրել, սակայն նշել էր, որ փաստացի տիրապետում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 5 անշարժ գույքի, այդ թվում՝ անհատական բնակելի տան և հողամասերի: Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրված էր 2005 թվականի արտադրության «Volvo» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2014-ին։ Այդ տարեվերջին նրա բանկային հաշիվներին առկա էր ավելի քան 22.8 միլիոն դրամ և 11 հազար 202 դոլար, իսկ կանխիկ՝ 1.3 միլիոն դրամ և 700 դոլար: Տարեկան եկամուտը կազմել էր շուրջ 10.1 միլիոն դրամ: Նաև նշված էր, որ նա ունեցել է 100 տոկոս բաժնեմաս «ԲԻԶՆԵՍ ՔԱԼՉՐ» ՍՊԸ-ում, որը դեռևս 2018-ին հանձնել էր հավատարմագրային կառավարման:
2022 թվականին՝ վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացված հայտարարագրով, նրա անշարժ և շարժական գույքի ցանկում փոփոխություններ չէին եղել, սակայն նկատելիորեն աճել էին կանխիկ միջոցները՝ հասնելով 5.7 միլիոն դրամի և 2000 դոլարի: Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները նվազել էին՝ կազմելով 15.2 միլիոն դրամ, իսկ դոլարային հաշիվը մնացել էր գրեթե անփոփոխ՝ 11 հազար 221 դոլար: 2022-ի տարեկան եկամուտը կազմել էր մոտ 1.2 միլիոն դրամ:
2023 թվականին Դավիթ Գևորգյանի ավտոպարկը համալրվեց. նոյեմբերին նա ավելի քան 8.5 միլիոն դրամով գնեց 2019 թվականի արտադրության «Jeep» մակնիշի ավտոմեքենա՝ հաշվառման մեջ ունենալով արդեն երկու մեքենա։ Բանկային հաշիվներում գումարը շարունակել էր նվազել՝ դառնալով 11.4 միլիոն դրամ և 6241 դոլար, սակայն կանխիկը դարձյալ աճել էր՝ հասնելով 7 միլիոն դրամի և 5000 դոլարի։ Տարեկան եկամուտը գերազանցել էր 9.4 միլիոն դրամը՝ հիմնականում վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձի հաշվին:
2024 թվականին նոր գույքի կամ տրանսպորտային միջոցի ձեռքբերում չի արձանագրվել, սակայն նրա ֆինանսական միջոցներն սկսել են աճել: Տարվա վերջում բանկային հաշիվներին կար 13.1 միլիոն դրամ և 6255 դոլար, իսկ կանխիկը հասել էր 10 միլիոն դրամի և 5000 դոլարի: Այդ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել էր ավելի քան 9.6 միլիոն դրամ:
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Գևորգյանի ընդհանուր դրամական միջոցները նկատելի աճ են գրանցել՝ տարեվերջին ընդհանուր հաշվարկով հասնելով գրեթե 32 միլիոն դրամի և ավելի քան 11 հազար դոլարի: Մասնավորապես, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 20.6 միլիոն դրամ և 6275 դոլար, իսկ կանխիկ գումարը դարձել է 11.3 միլիոն դրամ և 5000 դոլար: 2025 թվականին պաշտոնյայի ընդհանուր եկամուտը հասել է 14.6 միլիոն դրամի:
Անշարժ գույք չի հայտարարագրել , բայց փաստացի 5 գույքի է տիրապետում
Ուշագրավ է մի խիստ կասկածելի հանգամանք, որը կարմիր թելով անցնում է պաշտոնյայի վերջին տարիների բոլոր հայտարարագրերով։ 2021 թվականից սկսած մինչև 2025 թվականը, չնայած դրամական միջոցների ակնհայտ աճին, Դավիթ Գևորգյանը որևէ անշարժ գույք սեփականության իրավունքով այդպես էլ չի հայտարարագրել։ Փոխարենը, նա պաշտոնապես նշում է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող միանգամից 5 անշարժ գույքի՝ այդ թվում ընդարձակ առանձնատան և դրա հարակից շինությունների։
Այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան տարիներ շարունակ տնօրինում, օգտագործում և, փաստացի, ապրում է այդքան մեծ գույքային կոմպլեքսում, բայց փաստաթղթերով այն նրանը չէ։ Ո՞ւմ է իրականում պատկանում այդ ողջ գույքը, և արդյոք սա սեփական ունեցվածքը երրորդ անձանց անունով գրանցելու և հայտարարագրման թափանցիկությունից խուսափելու հերթական քողարկված պրակտիկան չէ։
Սոնա Գրիգորյան




























