Armenian text to speach

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը նոր պաշտպանական դաշինք են ձևավորում՝ ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պատրաստվում են ուրբաթ օրը Ջիդդայում ստորագրել համատեղ պաշտպանական համաձայնագիր՝ տարածաշրջանային անվտանգության կապերն ամրապնդելու նպատակով։ Այս մասին հայտնում են  Սաուդյան ռազմական և կառավարական աղբյուրները։

Նոր համաձայնագիրը քննարկվում էր երկար ժամանակ, սակայն տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրացումը, արագացրել են դրա կնքումը։

Տարածաշրջանում ռազմական լարվածության աճը, պատերազմներն ու հակամարտությունները, հատկապես ԱՄՆ-Իրան պատերազմը, ազդել են նաև Պարսից ծոցի երկրների վրա՝ խաթարելով նավագնացությունը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում։

Սաուդյան կառավարության մեկ այլ աղբյուր ևս հաստատել է, որ համաձայնագիրը կստորագրվի ուրբաթ օրը։

Համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը նախորդելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։

Շարիֆը և Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը հինգշաբթի ժամանել են Սաուդյան Արաբիա՝ մինչև շաբաթ օրը նախատեսված այցի շրջանակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասվում է ուրբաթ օրը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ այցը նախատեսված է օգոստոսի 6-8-ը։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Պարսից ծոցի լարվածության աճի պայմաններում, այն կունենա ավելի լայն նշանակություն և չի սահմանափակվի միայն ընթացիկ ճգնաժամով։

«Չնայած այցը տեղի է ունենում Պարսից ծոցում լարվածության բարձրացման ֆոնին, այն կարևորություն կունենա ոչ միայն անմիջական ճգնաժամի, այլև երկարաժամկետ հեռանկարի համար»,- ասել է նա։

Վերջին ամիսներին երեք երկրների միջև հնարավոր ռազմավարական դաշինքի ձևավորման մասին բազմաթիվ քննարկումներ են եղել։

Պակիստանը փորձել է միջնորդական ջանքեր իրականացնել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով, իսկ Թուրքիան դիվանագիտական դերակատարություն է ունեցել Գազայի պատերազմի կարգավորմանն ուղղված բանակցություններում։

Սաուդյան Արաբիան և Պակիստանն արդեն 2025 թվականին հայտարարել էին համատեղ պաշտպանական համաձայնագրի մասին։ Այդ քայլը մեծ ուշադրություն էր գրավել, քանի որ Պակիստանը մահմեդական աշխարհի միակ միջուկային զենք ունեցող պետությունն է։

Անի Վարդանյան




Լրահոս