ԶԶՎԵԼԻՆԵՐԻ ԱՐՁԱՆՆԵՐ` ԱՊԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր, ծագումով ապարանցի Վրեժ Մարկոսյանը, ով ամենայն հավանականությամբ Արագածոտնի մարզում կառաջադրի իր թեկնածությունը, երեկ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նույն ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ապարանցի Լյովա Խաչատրյանին: Ըստ Մարկոսյանի` «Ընդամենն էշի արձան դնելով չի… Վատ մարդ չի Լյովան, ցավոք սրտի, մի քիչ ճիշտ չի դատում, մտածում»:
Արձագանքելով Մարկոսյանին` Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Վրեժ Մարկոսյանն իմ ավագ ընկերն է եւ լավ մարդ: Ու ես միշտ հարգել եմ իմ ավագ ընկերների խորհուրդը: Կաշխատեմ մինչ այժմ իմ կողմից կառուցած բազում «արձանները» լրացնել եւս մի խումբ «արձանների» բազմությամբ` էշի կերպարով (թող ինձ ների աշխատասիրություն, համառություն եւ հուսալիություն մարմնավորող կենդանին, բայց արվեստը զոհեր է պահանջում): Այդ էշերից յուրաքանչյուրը կունենա իր համապատասխան մարդկային անունը` ապարանցիների կողմից որոշված, ու այդ բոլորը կանվանվեն ՀՀ նախագահի բնորոշմամբ մեկ  բառով` զզվելիներ: Ապարանյան ծագում ունեցող զզվելիներ, որոնք իրենց ամեն օր դրսեւորվող վարքով, բարքով պատճառ են դառնում նաեւ ապարանցիների այսօրվա աղքատության, արտագաղթի, միմյանց նկատմամբ թշնամանքի եւ ատելության»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով պետբյուջեից գումարներ գողացող չինովնիկների մասին, նրանց անվանել էր զզվելիներ: Իսկ թե Խաչատրյանն ում նկատի ունի` զզվելիներ ասելով, եւ ում արձաններն է պատրաստվում դնել Ապարանում, առայժմ չի շտապում գաղտնազերծել:
Քանի որ «Նիգ-Ապարան» ՀՄ-ի ընդդիմախոսը ՀՄ խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանն է, «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե միությունն ինչու է փոխում իր նախագահին` դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին: Արդեն հայտնի է, որ այսօր կայանալիք 5-րդ համագումարի ընթացքում «Նիգ-Ապարան»-ը նախագահ կդարձնի Սամվել Ալեքսանյանին: ««Նիգ-Ապարան»-ը սովորույթ է ձեւավորել` նախագահներին երբ փոխում է, դարձնում է պատվավոր նախագահ: Կարծում եմ` Հայկազը կհամալրի պատվավորների շարքը, իսկ Ալեքսանյանի համար կուզենայի ասել, որ նա այն եզակի անձանցից է, որը, ոչ մի շահ չակնկալելով եւ իր ունեցած դիրքի եւ ունեցվածքի համար պարտական չլինելով «Նիգ»-ին, ամենաշատ նյութական աջակցություններից հենց ինքն է ցուցաբերել: Իսկ թե որքանով է իրեն պետք լինել ՀՄ նախագահ, դա իր որոշելիքն է: Ես համաձայն եմ եւ կողմ կլինեմ»,-ասաց պատգամավորը, ով եւս կմասնակցի այսօր կայանալիք «Նիգ-Ապարան»-ի համագումարին:
Հարցին, թե էլ ովքեր կան միության կազմում, որոնք Սամվել Ալեքսանյանի նման պարտական չեն միությանը, բայց առատաձեռն են եւ գումարներ են տալիս, Խաչատրյանը պատասխանեց. «Կան, նախկինում Շանթի Մանվելը, Լավանդայի Արայիկը եւս լուրջ աջակցություն էին ցուցաբերում` պարտական չլինելով»: «Այդ դեպքում ովքե՞ր են, որ պարտական են «Նիգ-Ապարան»-ին, բայց «չեն վճարում»»: «Այդ հարցի պատասխանը բոլորը գիտեն»,-այս կիսապատասխանով Խաչատրյանը խուսափեց անուններ տալուց:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս