ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։
Մեր տեղեկությունների փոխանցմամբ՝ թեկնածության հարցում ՔՊ-ում այլևս քննարկման փուլ չկա․ որոշումը, ըստ մեր տեղեկությունների, արդեն կայացված է։
Այսինքն՝ առաջիկայում խորհրդարանում սպասվում է ևս մեկ առանցքային պաշտոնի բաշխում, որի արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կհայտնվի իշխանական պատգամավորի ղեկավարության ներքո։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ գրել էր, որ մեր տեղեկություններով՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովում ՔՊ խմբակցությունից ներկայացված են լինելու Մարիա Կարապետյանը, Զարուհի Բաթոյանը, Արման Եղոյանը, Մարիամ Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը։
Էթիկայի հանձնաժողովի դերը խորհրդարանում առանձնահատուկ է․ այն պետք է գնահատի պատգամավորների վարքագծին, պատգամավորական էթիկային և սահմանված կանոնների պահպանմանը վերաբերող հարցերը։
ՔՊ-ի կողմից Մարիա Կարապետյանի թեկնածության ընտրությունը ուշագրավ է նաև այն առումով, որ հանձնաժողովում հենց իշխանական խմբակցությունն է ունենալու զգալի ներկայացվածություն։
Հիմա գլխավոր հարցը ոչ միայն այն է, թե ով է ղեկավարելու Էթիկայի հանձնաժողովը, այլև՝ որքանո՞վ է նոր հանձնաժողովը կարողանալու գործել անկախ և անաչառ՝ հատկապես իշխանական պատգամավորների վարքագծին վերաբերող հարցերում։
Նշենք նաև, որ հանձնաժողովը նիստերն անցկացնելու է փակ ձևաչափով։
Սոնա Գրիգորյան




























