ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Լիանա Առաքելյանը, ինչ ուղի է անցել պետական համակարգում և ինչ ունեցվածք է հայտարարագրել։
Լիանա Առաքելյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 14-ին՝ Երևանում։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում։ 2008-2012 թվականներին սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում՝ «անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ Այնուհետև՝ 2012-2015 թվականներին, սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։
Առաքելյանի աշխատանքային ուղին հիմնականում կապված է պետական համակարգի հետ։ 2013-2015 թվականներին նա աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչությունում՝ որպես փորձագետ։ 2017-2018 թվականներին նույն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում զբաղեցրել է փորձագետի պաշտոնը։
2018-2019 թվականների հուլիսը աշխատել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության քարտուղարությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2019-2022 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների նախարարի օգնական։
Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Լիանա Առաքելյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական։
Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, Լիանա Առաքելյանի 2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա անշարժ գույք չի հայտարարագրել։ 2025 թվականի սկզբում նրա անունով անշարժ գույք չի եղել, տարվա ընթացքում ևս որևէ անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել, իսկ տարվա վերջին անշարժ գույք չի ունեցել։
Փոխարենը, նրա անունով հայտարարագրված է 2014 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Մեքենան նա ձեռք է բերել 2022 թվականի հունվարի 22-ին՝ գնման եղանակով, և այն առկա է եղել նաև 2025 թվականի վերջում։
Նրա բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբում կազմել է 32 հազար 516 դրամ, իսկ տարվա վերջին՝ 2 մլն 500 հազար 992 դրամ։
Բացի այդ, Առաքելյանը հայտարարագրել է 7 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որը նույն չափով առկա է եղել թե՛ տարվա սկզբում, թե՛ տարեվերջին։
2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 15 մլն 753 հազար 543 դրամ։ Դրանից 13 մլն 10 հազար 683 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 742 հազար 860 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
Միաժամանակ, հայտարարագրում նշված է 24 մլն 848 հազար 435 դրամի վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկի նպատակային նշանակությունը կապված է կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանի հետ։
2025 թվականի ընթացքում Լիանա Առաքելյանը վարկի մարմանն ուղղված վճարումների համար կատարել է 3 մլն 520 հազար 487 դրամի ծախս։
Սոնա Գրիգորյան




























