ԲԵՆԻԿՆ ԷԼ ՉԿԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական եւ վերջապես Սերժ Սարգսյանի մտերիմ  Բենիկ Հարությունյանը  վիրավորվել է «Ժողովուրդ» օրաթերթի (նաեւ` զրպարտվել)` սեպտեմբերի 9-ի համարում հրապարակված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածից:
Հոդվածում մենք ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ նրա գործընկեր Արմեն Ասրյանի մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով իրենցից շուրջ 205 հազար ԱՄՆ դոլարի գումարներ է վերցրել ու չի վերադարձրել:
Այս գործով նախնական նիստից հետո ընկած ժամանակահատվածում հայցվոր կողմը կատարել է հայցի լրացում` պահանջելով ինչպես նշված, անպես էլ «Բենիկ Հարությունյանից շարունակում են բողոքել» հոդվածի հերքում: Այս լրացման մեջ Հարությունյանը փաստացի «սուտ տեղեկություն» է համարել նաեւ հեղինակի անունը: Հայցվոր կողմն այս լրացմամբ վիճարկում է նաեւ Նունե Սերոբյանի եւ Արմեն Ասրյանի հայտնած այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանն այս գործով Բենիկ Հարությունյանի դեմ վճիռ ունի:
Բենիկ Հարությունյանի ներկայացուցիչը երեկ դատարան չէր ներկայացել, չնայած ինչպես հայտնեց  դատական քարտուղարը` պատշաճ ծանուցված է եղել: Դատարանը որոշեց դատաքննությունը շարունակել առանց հայցվորի շահերի ներկայացուցիչ Գնել Նազարյանի ներկայության, սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել: Միջնորդությունն այն  հիմքով  էր, որ Բենիկ Հարությունյանի փաստաբաններն առարկություններ էին ներկայացրել պատասխանող կողմի տրամադրության տակ եղած ամերիկյան դատարանի վճռի կապակցությամբ` պահանջելով դրա բնօրինակը, իսկ այն ձեռք բերելու համար պատասխանող կողմից ժամանակ կպահանջվի:
Հակոբ Ճարոյանը դատարանին ներկայացրեց «Ժողովուրդ» օրաթերթի` ԱՄՆ դեսպանատուն եւ ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանին ուղղված նամակների պատճենները, որոնցով օրաթերթը խնդրել էր տրամադրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանի վճռի բնօրինակը: Այլ խոսքով` գրավոր ապացույցներ, որ պատասխանող կողմը քայլեր է ձեռնարկել այդ փաստաթուղթը ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ այդ ամերիկյան վճռի համաձայն` Բենիկ Հարությունյանը պարտավոր էր իր գործընկերներ Նունե Սերոբյանին եւ Արմեն Ասրյանին վերադարձնել շուրջ 295 հազար ԱՄՆ դոլար, որից 205 հազարը գործընկերների` Հարությունյանին տված գումարը, իսկ մնացածը` այդ տարիների ընթացքում բաց թողնված շահույթի տոկոսները:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2012 թվականի հունվարի 31-ին:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս